Եսայի 41․8-15 Երկուշաբթի | Նոյեմբեր 17
Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։ Ես․ 41․10
ԱՍՏԾՈ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Դպրոցական մի աղջիկ կիսվում է իր փորձառությամբ. «Թվում էր, թե դա անհասկանալի մի առեղծված է։ Իմ տասնչորսամյա ուղեղը համառորեն դիմադրում էր հանրահաշվին և չէր կարողանում հասկանալ 2A-ի և A²-ի միջև եղած տարբերությունը։ Ինձ տեղափոխեցին պարզեցված մաթեմատիկական ծրագրի, որն ինձ համար սարսափելի նվաստացուցիչ էր։ Սակայն տիկին Ստեթհեմը՝ իմ նոր ուսուցչուհին, տեսավ իմ անորոշության և սխալների հետևում թաքնված ներուժը։ Նրա հավատն իմ հանդեպ և ինձ հետ անցկացրած ժամանակը հանրահաշիվը՝ նույնիսկ քառակուսային հավասարումները, աստիճանաբար պարզ դարձրին ինձ համար։ Առանց ուսուցչուհուս աջակցության և համբերության՝ ես, հավանաբար, դեռ կշփոթվեի թվերի աշխարհում»։
Իսրայելացիները շփոթության և անորոշության օրերին կարիք ունեին Տիրոջ՝ որպես առաջնորդի, wվ կքայլեր իրենց կողքին և ցույց կտար ճիշտ ուղին։ Ինչպես մի ժամանակ բարի ուսուցչուհին էր քաջալերում ինձ, նույնպես էլ Տերն իր ժողովրդին ասաց. «Մի՛ վախեցիր ․․․ ես ձեզ կօգնեմ» (Ես․ 41․14)։ Որքա՜ն սքանչելի է իմանալ, որ կենդանի Աստված անձամբ է խոստանում մեզ Իր հոգատարությունն ու առաջնորդությունը։
Բաբելոնյան գերության մեջ գտնվելուց հետո իսրայելացիները մնացին Աստծո ժողովուրդը (հ․ 8-9): Տերը չմերժեց Իր ընտրյալներին, նրանց փառավոր ապագա էր սպասում: «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ», - խոստացավ Նա (հ․ 10): Իսրայելը պատկանում էր Նրան, նրանք Աստծո ժառանգորդներն էին։
Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ կարիք ունենք խրախուսանքի և աջակցության, հատկապես, երբ դժվարությունների միջով ենք անցնում: Ուրախալի է գիտակցել, որ մեր Աստված մեր «աջ ձեռքից» է բռնում (հ 13): Եվ մենք, ինչպես վստահող երեխաներ, կարիք ունենք դիմելու մեր սիրող Հորը, Ով խոստանում է առաջնորդել և հոգ տանել մեր մասին:
Ինչպե՞ս կարող ենք բացահայտել Աստծո սերն ու աջակցությունն ամենօրյա մարտահրավերների ընթացքում։ Ինչպե՞ս կարող ենք ավելի իրատեսորեն հույս դնել Աստծո օգնության վրա դժվար ժամանակներում։
Աղոթք – Տե՛ր շնորհակալ եմ, որ դժվար պահերին ինձ չես թողնում և բռնում ես ձեռքս։ Օգնի՛ր ինձ վստահել Քեզ և զգալ ներկայությունդ ամեն իրավիճակում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 5-7, Եբրայեցիներին 12