.
Ձմեռային համագումար երիտասարդների համար

 «Ամեն բան իր ժամանակն ունի, ու երկնքի տակ եղող ամեն ձեռնարկ՝ իր ժամանակը… Նա ամեն ինչ գեղեցիկ արեց իր ժամանակին…»
Ժողովող 3.1, 11

Ե՞րբ է իմ ժամանակը, ինչպե՞ս հասկանալ Աստծո ժամանակը՝ սպասե՞լ, թե գործել: Նմանատիպ հարցերը հաճախ են հուզում հատկապես երիտասարդներին, և հենց այդ հարցերի մասին խոսվեց ՀԱԵ  երիտասարդաց ձմեռային համագումարի ընթացքում: ՀԱԵ ՔԴ բաժնի նախաձեռնությամբ՝ մարտի 8-9-ը, Հանքավանի «Շողիկ» ճամբարում հավաքվել էին Հայաստանի և Արցախի ՀԱԵ շուրջ 90 երիտասարդ: Համագումարի նպատակն էր օգնել նրանց գտնել իրենց հարցերի պատասխանները՝ լսելով, թե Աստված ինչ է ասում ժամանակի մասին: Համագումարի խոսնակը Գյումրու ՀԱԵ հովիվ՝ պատվելի Արամ Բաբաջանյանն էր: Պատգամների ընթացքում նա բերեց Աբրահամի օրինակը, ով շտապելով, Աստծո ժամանակից առաջ անցնելով՝ ծնունդ տվեց Իսմայելին, որն Աստծո խոստման զավակը չէր: Դասեր քաղելով Աբրահամը հնազանդությամբ սպասեց Աստծո կամքի կատարմանը և արդյունքում ծնվեց Իսահակը: Երիտասարդները փոքր խմբերում քննարկման ժամանակ հնարավորություն ունեցան անդրադառնալ իրենց որոշումներին, թե դրանց արդյունքում ու՞մ են «ծնունդ տալիս»՝ «Իսմայելի՞ն», թե՞ «Իսահակին», որն Աստծո խոստումն է: Համագումարի ավարտին պատ. Արամ Բաբաջանյանը խոսեց Հիսուսի հնազանդության մասին, ով կատարելապես ճանաչեց Աստծո ժամանակները: Համագումարի ավարտին երիտասարդները ՀԱԵ ՔԴ պատասխանատու Վեր. Ավետիք Խաչատրյանի առաջնորդությամբ մասնակցեցին Սուրբ Հաղորդություն պաշտամունքին:
Համագումարի ընթացքում երիտասարդները նաև ուրախ և հաճելի ժամանց ունեցան, մասնակցեցին ձմեռային ակտիվ խաղերին, ձեռք բերեցին նոր ընկերներ:  

Լիլիթ Անտոնյան
ՀԱԵ ՔԴ բաժնի աշխատակից

Նախորդ
...
X