.
2025թ., Նոյեմբերի 18

Բ Տիմոթեոսին 2․8-13                                                                    Երեքշաբթի   |   Նոյեմբեր 18

 

 

Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Բ Տիմ․ 2․11

 

ԿՅԱՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ

 

Բժիշկ Քրիստիանն իր սրտում Աստծո կողմից կանչվածություն էր զգում՝ հոգ տանել Ռուանդայի աղքատ շրջաններում մահվան շեմին գտնվող հիվանդների մասին: Գործընկերները նրա որոշման մեջ իմաստ չէին տեսնում, քանի որ «այդ հիվանդները համարվում էին անհույս վիճակում գտնվող մարդիկ»: Այնուամենայնիվ, Քրիստիանը պնդում էր, որ իր ներկայությունը վերականգնում է հիվանդների և նրանց ընտանիքների հույսը: Նրա աշխատանքն առաջնորդվում էր այն համոզմամբ, որ Ավետարանի հանդեպ հավատը կարող է փոխել մարդու վերաբերմունքը մահվան նկատմամբ, քանի որ «Քրիստոսի մահը կյանքի աղբյուրն է»:

Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակում Պողոս առաքյալը գրել է Տեր Հիսուսի հայտնվելու մասին, Ով «մահը կործանեց և կյանքն ու անմահությունը լուսավորեց Ավետարանի միջոցով» (Բ Տիմ․ 1․10): Այստեղ արտացոլվում է նաև այն, թե ինչպես էր Պողոսը վերաբերվում իր սեփական տառապանքին: Չնայած նա շղթայված էր (Բ Տիմ․ 2․9), Տիրոջ հարությունն ընդմիշտ հաստատեց նրա կոչումը՝ հռչակելու Քրիստոսի մեջ փրկության բարի լուրը (հ․ 10): Ի վերջո, «Եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք» (հ․ 11-12):

Քրիստոսի հետ մեռնելը վերաբերում է ոչ միայն հավատացյալների բառացի մահվանը։ Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը բացատրում է, որ մկրտությունը խորհրդանշում է մեր հոգևոր միությունը Տիրոջ հետ Նրա մահվան և հարությունից հետո կյանքի մեջ։ Մենք միավորված ենք Նրա հետ նաև հիմա (Հռ․ 6․4-8):

Քանի որ Քրիստոսն ապրում է մեր մեջ, նույնիսկ մահվան շեմին մենք կարող ենք ապրել Նրա համար և վկայել Նրա մասին։

 

Ինչպե՞ս կարող են հավատացյալներն իրենց կյանքով վկայություն լինել Քրիստոսի հարությանը։

 

Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, օգնի՛ր ինձ վկայել Քրիստոսի սիրո և հույսի մասին։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 8-10, Եբրայեցիներին 13