.
2025թ., Նոյեմբերի 20

Հռոմեացիներին 12․3-8                                                                  Հինգշաբթի   |   Նոյեմբեր 20

 

 

Աստծու շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին. ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ․․․: Հռոմ․ 12․3

 

ԽԱԲԵԲԱՅԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ

 

1970-ականների վերջին երկու հետազոտող հոգեբանության ոլորտում ներմուծեցին «խաբեբայի համախտանիշ» տերմինը։ Դա հոգեբանական վիճակ է, որի դեպքում մենք այնքան ենք կասկածում մեր կարողություններին և հմտություններին, որ մեզ խաբեբա ենք զգում։ Շատ հաջողակ և նույնիսկ հանճարեղ մարդիկ պայքարում են անբավարարության այս զգացողության դեմ՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կարող է նայել իրենց կյանքի վարագույրի ետևը և տեսնել, թե որքան քիչ բան գիտեն և կարող են անել։

Պողոս Առաքյալը հորդորում է իր ընթերցողներին՝ հռոմեացի քրիստոնյաներին, լինել խոնարհ։ «Ինքներդ ձեր մասին չափից ավելի մի՛ հոգացեք, այլ մտածե՛ք պարկեշտ․․․», - գրում է նա (Հռոմ. 12․3): Իրոք, կարևոր է չգերագնահատել մեր կարողությունները։ Սակայն, կասկածելով մեր սեփական արժեքի վրա, մենք կարող ենք չափազանց հեռու գնալ և զրկել ուրիշներին այն պարգևներից, որոնք Աստված ուզում է, որ օգտագործենք Իրեն ծառայելու համար։ Ինքներս մեր մասին պարկեշտ մտածելը նշանակում է իրատեսորեն գնահատել մեր կարողությունները։ Առաքյալը խրախուսում է գնահատել ինքներս մեզ պարկեշտությամբ, «ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց» (հ․ 3): Այդպիսի մոտեցմամբ Քրիստոսի մարմինը երկրի վրա կշարունակի կառուցվել և զորանալ  (հ․ 4-8):

Խաբեբայի համախտանիշով տանջվելու փոխարեն, եկե՛ք ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին Աստված է մեզ ստեղծել։ Ճանաչելով Նրա շնորհի մեծությունը՝ մենք կկարողանանք ոչ չափազանց բարձր, ոչ էլ չափազանց ցածր գնահատական ունենալ մեր մասին։ Այսպիսով, մենք կհաճեցնենք մեր Երկնային Հորը և կծառայենք Քրիստոսի եկեղեցու կառուցմանը։

 

Մեր կյանքի ո՞ր ոլորտում ենք պայքարում խաբեբայի համախտանիշի դեմ։ 

Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այն։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինքներս մեզ նայել այնպես, ինչպես Դու ես նայում, ըստ հավատքի չափի, որը Դու ես տվել մեզ։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 14-15, Հակոբոս 2