.
2025թ., Նոյեմբերի 27

Առակներ 25․28                                                                               Հինգշաբթի   |   Նոյեմբեր 27

 

 

Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված և անպարիսպ քաղաքի նման է։ Առակ․ 25․28 

 

ՊԱՇՏՊԱՆԻՉ ՊԱՏ

 

«2016 թվականից ի վեր այստեղ տասնմեկ անգամ ջրհեղեղ է եղել», - հառաչեց Նիքը՝ նայելով 2024 թվականի հունվարյան խիտ ամպերին։ Նրա տունը գտնվում էր Անգլիայի Վուսթերշիր գավառի գեղեցիկ մի անկյունում՝ հենց Սևեռն գետի ափին, և հենց այդ պատճառով էլ 2023-ին Նիկը տան շուրջը պաշտպանական պատ էր կառուցել։ Եվ հաջորդ ձմռանը՝ չնայած ուժեղ ջրհեղեղներին, նրա տունը չվնասվեց։

Պատերը կարող են նաև պաշտպանել գողերից ու վայրի կենդանիներից: Առակաց գիրքը խոսում է այն պատերի մասին, որոնք մենք կառուցում կամ քանդում ենք մեր որոշումների միջոցով: Հեղինակը պատկերում է մի վիճակ, որտեղ «քաղաքը՝ խորտակված ու առանց պարիսպների», նմանեցվում է «մարդուն, որ չի կարողանում զսպել իր հոգին»։ Բազմաթիվ պատճառներով մեղքերը, վատ սովորությունները և այլ բացասական բաներ սողոսկում են մեր կյանք: Եվ եթե մենք միջոցներ չձեռնարկենք մեր սեփական պաշտպանությունը վերականգնելու համար, այս «ներխուժողները» կզրկեն մեզ Քրիստոսի խոստացած առատ կյանքից: Նրանք կործանում են մեր առողջությունն ու հարաբերությունները և խանգարում են գիտակցել այն ներուժը, որ Աստված դրել է մեր մեջ: Արդյունքում մենք չենք հաճեցնում Տիրոջը, այլ տրտմեցնում ենք Նրան (Եփես. 4․30):

Բայց Տերը մեզ միայնակ չի թողել աճող փորձությունների հոսքի դեմ պայքարում։ Սուրբ Հոգին մեր մեջ արդեն սերմանել է զսպվածության աստվածային սերմը (Գաղ. 5․22-23)։ Երբ մեր հայացքն արտաքին գայթակղություններից դառնում է դեպի այն առատ և գեղեցիկ կյանքը, որ Աստված դրել է մեր ներսում, մենք ձեռք ենք բերում այն վճռականությունը, որով կարողանում ենք պաշտպանել այդ կյանքը։ Եվ Նրա օգնությամբ մենք շարունակում ենք բարձրացնել մի «պատ»՝ կազմված ամուր ու գիտակցված որոշումներից, որը մեզ օգնում է ապրել Նրա կամքին համահունչ։

 

Ի՞նչն է փոխվում, երբ կենտրոնանում ենք Աստծո խոստացած առատ կյանքի վրա։ Ի՞նչ կարող ենք անել, երբ գայթակղվում ենք ասել կամ անել ինչ-որ բան Աստծո կամքին հակառակ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգիդ  բնակվում է մեր մեջ։

Օգնի՛ր այն պահպանել՝ քայլելով Քո ուղիղ ճանապարհներով։ Ամեն:

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 30-32, Ա Պետրոս 4