Փիլիպպեցիներին 3․1-9 Ուրբաթ | Նոյեմբեր 28
Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից․․․: Փիլ․ 3․8
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ
Պերսի Ֆոսեթն իր կնոջն ուղղված վերջին նամակը գրեց 1925 թվականի մայիսի 29-ին, ապա ուղևորվեց Բրազիլիայի չուսումնասիրված ջունգլիներ։ Նա փնտրում էր մի կորած քաղաք, որի փողոցները, ըստ լեգենդի, ծածկված էին արծաթով, իսկ տանիքները՝ ոսկով։ Ֆոսեթը մտադիր էր դառնալ առաջին հետազոտողը, ով կհայտներ աշխարհին դրա գտնվելու վայրը։ Սակայն քաղաքը երբեք չգտնվեց՝ ո՛չ այդ ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ, իսկ հետազոտողներն անհետացան առանց հետքի։
Ֆոսեթի հիացմունքի արժանի քաջությունն ու վճռականությունը վատնվեցին անհասանելի նպատակների վրա։ Եկե՛ք անկեղծ լինենք. մենք նույնպես ունենք անհասանելի նպատակներ, որոնք նմանատիպ իշխանություն ունեն մեզ վրա։ Բայց կա մի արժեքավոր նպատակ, որին իսկապես արժի հետապնդել մեր ողջ սրտով, մտքով և ուժով։
Փիլիպպեցիներին ուղղված նամակում Պողոսն այս ճշմարտությունն արտահայտում է հետևյալ կերպ. «Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ» (Փիլ. 3․8)։ Ի տարբերություն հեքիաթային քաղաքի, որը խոստանում էր հարստություն, փառք ու իշխանություն՝ Քրիստոսին ճանաչելը և Նրան հավատալն այն արժեքավոր նպատակն է, որի հետ ոչինչ չի կարող համեմատվել։ Աշխարհիկ ձգտումները՝ իշխանություն, հեղինակություն կամ նույնիսկ օրենքի պահպանումով կարծեցյալ արդարություն ձեռք բերելու փորձը, ոչինչ են՝ համեմատած Փրկչին ճանաչելու հետ (հ. 6-7)։ Մի՞թե երբեմն մենք էլ չենք սպառում մեր ժամանակն ու ներուժն այն բաների վրա, որոնք երբեք չեն կարող բավարարել։ Թող Տերն օգնի մեզ որոշում կայացնել, որ մեր քայլերն ուղղենք դեպի ճշմարիտ «քաղաքը»՝ Երկնային արքայությունը։
Ի՞նչը կարող է օգնել մեզ իմաստուն կերպով առաջնահերթություններ սահմանել:
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ իսկական գանձ ունեմ, որը Քեզ ճանաչելն է։ Օգնի՛ր սրտիս բոլոր ձգտումներն ուղղել դեպի Քեզ՝ չփնտրելով այն, ինչը երբեք չի բավարարի հոգիս։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 33-34, Ա Պետրոս 5