Հռոմեացիներին 12. 3-15 Երկուշաբթի | Դեկտեմբեր 1
Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք․․․ Հռոմ․ 12․10
ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Հատակին նստած՝ տախտակների ու գործիքների մեջ, ես ընթերցում էի գրապահարանի հավաքման հրահանգների գիրքը։ Այն ներսում ուներ հստակ նշումներով ուսուցողական գծանկարներ, թե ինչ կարելի է անել և ինչից պետք է խուսափել։ Նկարներից մեկում, որի վերևում սև խաչ կար, պատկերում էր մի խոժոռված փոքրիկ մարդուկ, ով շփոթված նայում էր տախտակների և գործիքների կույտին, ինչպես ես մի քիչ առաջ։ Կողքին ներկայացված էր «ճիշտ» ձևով հավաքման պատկերը. առաջին մարդուկի կողքին կանգնած էր մյուսը, և նրանք, ժպտալով, աշխատում էին համախմբված։
Ես ամեն ինչ հասկացա և կանչեցի ամուսնուս։ «Հրահանգներում գրված է, որ ինձ քո օգնությունն է պետք», - ասացի ես՝ ցույց տալով նրան նկարը։ Նա ծիծաղեց, և մենք միասին արագ հավաքեցինք դարակը։ Իհարկե, կարող էի համառորեն փորձել ամեն ինչ ինքս անել։ Բայց հրահանգները ճիշտ էին. գործընթացը նախատեսված չէր մեկ մարդու համար։
Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը կոչ է անում հավատացյալներին չփորձել միայնակ ապրել քրիստոնեական կյանքը։ Սխալ է մեզ ինքնաբավ համարել և մեր մասին մտածել «ավելի բարձր, քան պետք է» (Հռոմ. 12․3)։ Դրա փոխարեն, մենք պետք է մեզ դիտարկենք՝ որպես մեկ մարմնի տարբեր անդամներ, որոնք կարիք ունեն մյուսների օգնության (հ․ 4-8)։
Տերը մեզ սովորեցնում է եղբայրական սեր ցուցաբերել միմյանց նկատմամբ (հ. 10), որի շնորհիվ մենք ներդաշնակ կապրենք մեր քույրերի և եղբայրների հետ՝ միայնակ չթողնելով և կիսելով նրանց վիշտն ու ուրախությունը (հ. 13, 15):
Ի՞նչն է մեզ ստիպում հավատալ, որ միայնակ կարող ենք անել ամեն ինչ:
Ինչպե՞ս կարող ենք սիրով և վստահությամբ օգնություն խնդրել ուրիշներից։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր մեզ ամեն օրը լսել ու հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը, Ով ցույց կտա ճանապարհը՝ ապրելու միասնական կյանք Քո ընտանիքի հետ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 40-41, Բ Պետրոս 3