Սաղմոսներ 63․1-8 Չորեքշաբթի | Դեկտեմբեր 3
․․․ հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում․․․: Սաղ․ 63․1
ԱՆԱԿՆԿԱԼ
Վերջերս որոշեցի ամուսնուս անակնկալ մատուցել՝ նրան շնիկ նվիրելով։ Նվեր, որ անսպասելի իրավիճակներ ստեղծեց։ Վճարեցի վաճառողին, մորթու կծկված, փափուկ խուրձը դրեցի շան համար նախատեսված մեքենայի նստատեղի մեջ, և մենք ճանապարհ ընկանք դեպի տուն։
Մի քանի վայրկյան անց շնիկը նստատեղից իջավ և սկսեց ամեն կերպ արտահայտել իր հիացմունքն ու հրճվանքը։ Այսպես սկսվեց հինգ ժամ տևողությամբ ճանապարհորդությունը, որը լի էր շնիկին իր նստատեղում պահելու անհաջող փորձերով։ Նրա անփույթ շաժումներն անընդհատ կանգնեցնում էին իմ աուդիոգիրքը, փոխում գծված երթուղին՝ ընդհանուր առմամբ ստեղծելով լիակատար քաոս։
Շնիկի բոլոր գործողությունները բխում էին մեկ ցանկությունից՝ լինել ինձ որքան հնարավոր է մոտ։ Նմանատիպ բան կարելի է տեսնել նաև Դավթի՝ Տիրոջը մոտ լինելու ցանկության մեջ։ «Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա», - գրում է նա (Սաղ․ 63․1):
Պատկերացրե՛ք մի մարդու, ով կանգնած է անապատի մեջ, բայց առավել Աստծուն է փնտրում, քան ջուրը։ Սա ավելին է, քան պարզապես ցանկություն։ Սա կարիք է, անհրաժեշտություն, կյանքի և մահվան հարց։
Ի՞նչ կկատարվի, եթե մենք ամբողջությամբ հանձնվենք Աստծուն՝ մեր ողջ էությամբ ու բոլոր ներքին ցանկություններով։ Մենք կհաստատենք, որ Նրա «ողորմությունն ավելի սիրելի է, քան կյանքը» (հ. 3)։ Նա կհագեցնի մեր ծարավը, խաղաղություն կհաղորդի մեր անհանգիստ հոգուն և կբավարարի մեր ամենախոր կարիքները։ Եկե՛ք այսօր մեր մտքի և սրտի ողջ ուժն ուղղենք Նրան, Ով սեր ու հոգատարություն է ցուցաբերում՝ պահելով մեզ Իր զորավոր ձեռքով (հ․ 9)։ Նրա հետ մեր սրտերը խաղաղություն կգտնեն:
Որքա՞ն խորն է Աստծու հետ լինելու մեր ցանկությունը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ես Քո կարիքն ունեմ կյանքիս ամեն օրվա մեջ։ Օգնի՛ր ինձ ջանասիրաբար փնտրել Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եզեկիել 45-46, Ա Հովհաննես 2