.
2025թ., Դեկտեմբերի 5

Գաղատացիներին 4․28-5․1                                                              Ուրբաթ   |   Դեկտեմբեր 5

 

 

Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատո՛ւն կացեք․․․: Գաղ․ 5․1

 

ՔՐԻՍՏՈՍԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Ջասթինն իր առաջին խաղադրույքը կատարեց ֆուտբոլային խաղ դիտելիս և հաղթեց։ Սակայն երեք տարի անց խաղամոլության հետևանքով նա կորցրեց իր տունը, 750,000 ֆունտ ստեռլինգը, աշխատանքը և, ամենաողբերգականը, կնոջն ու երեխաներին։ «Հասնելով անդունդի եզրին և մտածելով ինքնասպանության մասին, ես ծնկի իջա և աղոթեցի», - հիշում է նա։ «Այդ օրը դարձավ վերջինը, երբ ես որևէ խաղադրույք կատարեցի»։

Ջասթինը խնդրեց Աստծուն ներել իրեն, և այժմ, երկարատև վերականգնման ընթացքից հետո, վստահությամբ ասում է. «Քրիստոսն ազատեց ինձ»։ Սա հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքերը. «Արդ այն ազատությամբ, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատո՛ւն կացեք ու դարձյալ ծառայության լծի տակ մի՛ մտեք» (Գաղ. 5․1)։ Պողոսը գրում էր մոլորեցնող ուսուցիչների մասին, ովքեր փորձում էին եկեղեցու վրա դնել մովսեսական օրենքի ծանր բեռը։ Նա հակառակվում էր նրանց՝ հիշեցնելով, որ քրիստոնյաները «խոստման որդիներ» են (Գաղ. 4․28) և աղախնի որդիներ չեն, այլ ազատի (հ. 31)։ Մենք պարտավոր չենք մեզ վրա վերցնել օրենքի այդ ծանր բեռը։

Եթե ​​մենք ծանրաբեռնված ենք կեղծ համոզմունքներով կամ որևէ կախվածությամբ, որը մեզ հեռացնում է Աստծուց, եկե՛ք խնդրենք Նրան, որ զորություն տա և առաջնորդի դեպի ազատություն: Հոգով ապրելով՝ Պողոսն ասում է, որ մենք չենք «կատարի մարմնի ցանկությունները» (Գաղ․ 5․16): Քրիստոսն իսկապես ազատում է մեզ:

 

Իսկ ի՞նչպես է Քրիստոսի ազատարար գործը դրսևորվում մեր կյանքում այսօր։

 

Աղոթք – Տե՛ր, Դու ազատեցիր ինձ մեղքի բեռից, որն ինձ կործանման էր տանում։ Օգնի՛ր ինձ ամբողջությամբ ապավինել Քեզ։ Ամեն:






Աստվածաշունչը մեկ տարում      |     Դանիել 1-2, Ա Հովհաննես 4