Գործք Առաքելոց 2․1-4, 14-18 Երեքշաբթի | Դեկտեմբեր 9
Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,-իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Գործք 2․17
ՏԱՐԵՑՆԵՐ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
Մեր եկեղեցում իմ փոքրիկ որդին ուներ մի ընկերուհի, ով իրենից յոթանասուն տարով մեծ էր։ Նա Ջինն էր։ Նա միշտ ժամանակ էր գտնում լսելու փոքրիկ տղայի հիացմունքով լի խոսքը և աղոթելու նրա համար։ Նա նաև օժտված էր մարդկանց հասկանալու և նրանց անհրաժեշտ ճշմարտությունն ասելու շնորհով։ Տարիքի հետ նա սկսեց կորցնել տեսողությունը, բայց նրա հոգին մնաց անփոփոխ՝ պարզ և բարի։
Եկեղեցուց դուրս, արևմտյան հասարակության մեջ քիչ տեղեր կան, որտեղ սերունդների միջև բարեկամությունը կարող է ծաղկել: Աստված Իր եկեղեցին նախատեսել է որպես ընտանիք, որտեղ բոլոր տարիքի մարդիկ հարգում, սովորեցնում և աջակցում են միմյանց: Հոգեգալստյան օրը, որը հաճախ անվանում են եկեղեցու ծննդյան օր, աշակերտները «բոլորը լցվեցին Սուրբ Հոգով» (Գործք 2․4), և Պետրոսը հավաքված ամբոխին բացատրեց, որ սա Հովելի մարգարեության կատարումն էր (հ․ 16): Մինչդեռ նախկինում Աստված Իր Հոգին ուղարկում էր միայն որոշակի ժամանակների և հատուկ մարդկանց վրա, այժմ դա տեղի էր ունենում բոլորի հետ. «Իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլքներ, իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն» (հ․ 17):
Որքա՜ն հրաշալի է ապրել այս ժամանակներում։ Անկախ տարիքից, մենք կարող ենք տեսնել Աստծո Հոգու գործը երիտասարդների թարմության և տարեցների հավատարմության մեջ՝ եկեղեցական կյանքում, որտեղ մենք միաբանվում ենք Աստծո Խոսքի շուրջ։
Մեր եկեղեցիներում կա՞ արդյոք սերունդների միջև ձևավորված բարեկամություն։ Ու՞մ համար կարող ենք աղոթել ու աջակից լինել այսօր։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո եկեղեցու համար։ Օգնի՛ր ընկերանալ, հարգել և աջակցել տարբեր սերունդների մարդկանց։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Դանիել 11-12, Հուդա