.
Կարճատեվ դասընթաց կրոնի փիլիսոփայության մասին

2019թ.-ի մարտի 25-27-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ հերթական կարճատև դասընթացը, որին մասնակցելու հնարավորություն ունեցան ոչ միայն ՀԱԵ հովիվներն ու օգնական հովիվները, այլև՝ նրանց կանայք և ՀԱԵ ՔԴ պատասխանատուներն ու ծառայողները՝ գրեթե 100 մասնակից:

Ակադեմիական ու աստվածաբանական թեմաների շարքում հերթական սեմինարը փիլիսոփայության ու, մասնավորապես, կրոնի փիլիսոփայության մասին էր: Բանախոսն ԱՄՆ-ից հրավիրված պրոֆեսոր Հեթըր Օհանեսեանն էր, ով փիլիսոփայության և կրոնի փիլիսոփայության մասնագետ է և դասախոսում է Օրեգոնա նահանգի Ջորջ Ֆոքս համալսարանում:

Դասընթացի սկզբում ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ՝ վեր. Մկրտիչ Մելքոնյանը ներկայացրեց նպատակն ու թեմայի ընտրության անհրաժեշտությունը: Վերապատվելին նկատեց, որ 21-րդ դարում, երբ ինֆորմացիայի հոսքը դուրս է վերահսկողությունից, և նույնիսկ երեխաներն ու պատանիներն են ազատ օգտվում ինֆորմացիոն տարատեսակ աղբյուրներից, կարևոր է իմանալ, թե աշխարհն ի՞նչ է թելադրում, քարոզչության ի՞նչ սկզբունքներ և գործիքներ է կիրառվում: Փիլիսոփայությունն այդ գործիքներից մեկն է, հետևաբար, ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել այդ գործիքները:

Առաջին օրը մասնակիցները լսեցին կրոնի փիլիսոփայության ներածության և աստվածաբանության հետ կապի մասին, իմացան, թե ի՞նչ է փիլիսոփայությունը և զարգացման ի՞նչ փուլեր է անցել:  

Հաջորդ օրերին հնարավորություն ունեցան ուսումնասիրելու Պլատոնի ուսմունքի հիմնական դրույթները, համեմատեցին Արիստոտելի և Թոմաս Ակվինացու գաղափարներն Աստծո մասին, սերտեցին էմանուիլ Կանտի բարոյական փիլիսոփայության եւ գործնական իմաստության մասին, ինչպես նաև Ջոն Սթյուարթ Միլլի փիլիսոփայական հիմնական դրույթները: Պրոֆեսոր Հեթըր Օհանեսեանը խոսեց նաև ժամանակակից քրիստոնեական, ինչպես նաև չարի ու տառապանքի փիլիսոփայությունների մասին: Առաջին հայացքից բարդ թվացող թեմաները պրոֆեսոր Հեթըրը զարմանալիորեն պարզ ու մատչելի էր ներկայացնում՝ հնարավորություն տալով ունկնդիրներին հարցեր ուղղել և քննարկումներ ծավալել: Շատ լավ իմանալով Աստվածաշունչը, ինչպես նաև օրինակելի քրիստոնեական փորձառության շնորհիվ՝ պրոֆեսորը հիանալի կերպով բացահայտում էր Աստծո հրաշալի գործը դարերի ընթացքում՝ հիմնավորելով Աստծո գոյությունը նաև փիլիսոփայության միջոցով:

Դասախոսություններից բացի, սեմինարի մասնակիցները միասնական փառաբանության, հաղորդակցության հնարավորություն ունեցան, իսկ երկրորդ օրվա երեկոյան ունկնդրեցին «Հայրեններ» նվագախումբ-երգչախմբի ազգային և ժողովրդական կատարումները:

Սեմինարի վերջին օրն ուսանողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին և փոքրիկ հուշանվեր-խաչքար հանձնեցին պրոֆեսոր Հեթըր Օհանեսեանին, ով իր հերթին երախտապարտ էր հրավերի և հյուրընկալության համար:

Հարկ է նշել, որ Աստծո շնորհքով արդեն երրորդ տարին է, ինչ կարճատեւ հոգեւոր, աստվածաբանական և ակադեմիական թեմաներով դասընթացներ են կազմակերպվում ինչպես հովիվների, այնպես էլ եկեղեցու տարբեր ոլորտներում ծառայություն ունեցող առաջնորդների համար: Այդ դասընթացների նպատակը ՀԱԵ ծառայողների հոգևոր, աստվածաբանական և ակադեմիական գիտելիքներն ավելացնելն ու ծառայություններն ավելի որակյալ ու արդյունավետ դարձնելն է:  

Նախորդ
...
X