.
ՀԱԵ կանանց խմբերի ծառայողների սեմինար

Հայաստանի տարբեր շրջաններում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կանանց ծառայությունների առաջնորդները, Սուրբ Գրքի սերտողություն վարողներն ու պատրաստվողները՝ 40-ից ավելի մասնակից, 24 ժամ Աստծո խոսքի շուրջ խորհրդածելու և կարևոր թեմաներ սերտելու հնարավորություն ունեցան: Մարտի 27-28-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում հերթական սեմինարն էր ՀԱԵ կանանց առաքելության ծառայողների համար:  

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ՝ վեր. Մկրտիչ Մելքոնյանը նախ խոսեց Աստվածաշնչի սերտողության առաջնորդի մասին. ո՞վ և ինչպե՞ս կարող է Սուրբ Գրքի սերտողություն առաջնորդել, ինչպիսի՞ փուլերով պետք է անցնի, ինչպիսի՞ անձնական և հոգևոր վկայություն պետք է ունենա: Վերապատվելին խոսեց նաև առողջ հոգևոր կյանքի ու դրան հասնելու համար անհրաժեշտ աշխատանքի մասին, ինչպես նաև անձնական վկայությունը ներկայացնելու սկզբունքների մասին:

Հուրի Մելքոնյանը մասնակիցների հետ խոսեց ՀԱԵ կանանց առաքելության շրջանակներում վերջին տարիներին սերտած գրքերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով «Աստվածաշնչի կանայք» գրքի հիման վրա սերտողությունների շարքին, որոնք այսօր իրականացվում են ՀԱԵ կանանց բոլոր խմբերում՝ Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններում: Նախապես կազմված հարցաշարի միջոցով մասնակիցները նաև արժևորեցին այդ սերտողությունները:

Սեմինարի երկրորդ օրը խոսվեց Աստվածաշունչը սերտելու մեթոդների մասին: Վեր. Մելքոնյանը մասնավորապես խոսեց «Ինչու՞ եւ ինչպե՞ս սերտել Աստվածաշունչը» թեմայի շուրջ: Սեմինարի մասնակիցներին նաև գործնական աշխատանքի հնարավորություն տրվեց:

Մասնակիցները կարևորեցին այսօրինակ սեմինարների կազմակերպումը, քանի որ կարողանում են աճել Աստծո խոսքի սերտողության մեջ, և առավել արդյունավետ ծառայություն բերել կանանց՝ ի փառս Աստծո:

Նախորդ
...
X