.
2025թ., Դեկտեմբերի 12

Սաղմոսներ 9. 1-12                                                                          Ուրբաթ   |   Դեկտեմբեր 12

 

 

Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները։ Սաղ․ 9․1

 

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

 

«Հայրի՛կ, ինձ մի քիչ ջուր կբերե՞ս»,- հարցրեց կրտսեր դուստրս։ «Իհարկե»,- պատասխանեցի ես և բերեցի նրա համար մի բաժակ ջուր։ Նա լուռ վերցրեց այն և սկսեց խմել։ Հետո ավագ դուստրս նույնը խնդրեց։ Ես նրան նույնպես ջուր բերեցի, և նա վերցրեց ու լուռ խմեց։ Ես չդիմացա և ասացի. «Ինչո՞ւ ոչ ոք շնորհակալություն չի ասում։ Միթե՞ դա այդքան դժվար է»։

Երբեմն ծնողական հիասթափությունը  բացում է Աստծո համար գործելու դուռ։ Ես անմիջապես զգացի խղճի լուռ խայթ. «Իսկապե՞ս, Ադամ։ Իսկապե՞ս այդքան դժվար է «շնորհակալություն» ասելը»։ Ես հանկարծ հասկացա, որ անշնորհակալությունը ոչ միայն իմ երեխաների, այլև իմ խնդիրն է։

Չգիտեմ, ինչու երբեմն այնքան դժվար է շնորհակալ լինել, բայց, երևում է, դա մեր մարդկային բնության մի մասն է։ Սակայն սաղմոսներում մենք տեսնում ենք շնորհակալությունը զարգացնելու գեղեցիկ օրինակ։ Դավիթը և մյուս սաղմոսերգուները փառաբանում են Աստծուն՝ նկատի ունենալով նույնիսկ իրենց բազմաթիվ փորձությունները։ Նրանց շնորհակալությանը հաճախ նախորդում է մի կարևոր արտահայտություն՝ «Ես պիտի…»։

Սաղմոս 9-ում Դավիթը որոշում է. «Ես պիտի փառաբանեմ քեզ, Տե՛ր, իմ ամբողջ սրտով. պիտի հռչակեմ քո բոլոր սքանչելիքները» (Սաղ․ 9․1): Մենք հակված ենք երախտագիտությունը հիմնականում որպես զգացմունք ընդունել: Սակայն Դավիթը մեզ հիշեցնում է, որ դա նաև գիտակցված ընտրություն է:

Եթե ​​մենք, նրա նման, զարգացնենք մեր մեջ շնորհակալ լինելու սովորություն, ապա կկարողանանք գիտակցել և գնահատել Աստծո բարությունը կյանքի բոլոր ոլորտներում։

 

Ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր մեջ երախտագիտության սովորությունը և ինչի՞ համար կարող ենք շնորհակալ լինել Աստծուն այսօր։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քեզ այն ամենի համար, ինչ տվել ես ինձ։ Օգնի՛ր ինձ միշտ շնորհակալ լինել Քեզ Քո բազմաթիվ օրհնությունների համար։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |    Ովսեե 9-11, Հայտնություն 3