Հովհաննես 7. 37-39 Կիրակի | Դեկտեմբեր 14
Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Հովհ. 7․38
ՀՅՈՒԹԻ ԴԱՏԱՐԿ ՏՈՒՓ
Երբ ես առաջնորդում էի փոքր երեխաների մայրիկների համար իրականացվող ծառայությունը, խնդրեցի պատկերել այն, ինչը կներկայացներ նրանց կյանքի անվերջանալի առօրյան՝ տակդիրներ փոխելը, քթեր սրբելը, խաղալիքներ հավաքելը և այլն: «Ահա թե ինչպես եմ ես ինձ զգում», - բացականչեց մայրիկներից մեկը՝ մատնացույց անելով անկյունում դրված հյութի դատարկ և ճմռթված տուփը: Մեր ծառայության նպատակն էր՝ այս կանանց առաջնորդել դեպի Կենդանի Ջրի Աղբյուրը, որը կարող էր լցնել, վերականգնել հոգիները Հիսուս Քրիստոսով:
Հովհաննեսի Ավետարանը պատմում է Հիսուսի՝ Երուսաղեմ ժամանման մասին՝ Տաղավարահարաց տոնի համար (Հովհ․ 7․10)։ Տոնը նշվում էր որպես Աստծո հոգատարության հիշեցում իսրայելացիներին՝ անապատում թափառումների ժամանակ, որն ի թիվս այլ բաների, ներառում էր նաև ջուր լցնելու ծեսը: Այն խորհրդանշում էր պտղաբերությունը և նախանշում Մեսիայի բերած հոգևոր անձրևը։ Հիսուսը հայտարարեց, որ Ինքն է այս հին ծեսի իրականացնողը. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն» (հ․ 37-38):
Երբեմն մենք էլ մեզ զգում ենք դատարկ, ճմռթված տուփերի պես՝ հոգնած աշխատանքից, ուժասպառ ուրիշների մասին հոգ տանելուց, հյուծված առօրյա պարտականություններից։ Բայց եթե կապված մնանք Քրիստոսի հետ, Նա մեր սրտերում կստեղծի Կենդանի Ջրի Աղբյուր, որը թարմացնում և սնուցում է մեզ՝ անկախ նրանից, թե որքան անհանգստություններ և մտահոգություններ ունենք։
Ի՞նչ պարտականություններ են մեզ հոգնեցնում և ուժասպառ անում։
Ինչպե՞ս կարող ենք ուժ ու թարմություն ստանալ Քրիստոսից։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգիդ բնակվում է իմ մեջ։ Ուզում եմ մշտապես խմել այն Կենդանի Աղբյուրի Ջրից, որը Դու ստեղծեցիր իմ մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հովել 1-3, Հայտնություն 5