.
2025թ., Դեկտեմբերի 15

Բ Կորնթացիներին 2. 1-8                                                        Երկուշաբթի   |   Դեկտեմբեր 15

 

 

․․․ գրեցի ձեզ ․․․ որպեսզի իմանաք ձեր նկատմամբ իմ ունեցած անսահման սերը։ Բ Կորնթ․ 2․4

 

ԻՄԱՆԱԼ ԵՎ ՍԻՐԵԼ

 

Հիպոկրատը բժշկությունը սնահավատության ստվերից դուրս բերեց դիտարկման և փորձարկման ոլորտ։ Սակայն այդ ամենի մեջ նա չմոռացավ, որ հիվանդները պարզապես դեպքեր չեն, այլ՝ կենդանի մարդիկ։ «Շատ ավելի կարևոր է իմանալ, թե ինչպիսի մարդ է հիվանդը,- ասաց նա,- քան թե ինչպիսի հիվանդություն ունի»։

Պողոս առաքյալը հոգ էր տանում մի եկեղեցու մասին, որը բազմաթիվ խնդիրներ ուներ, բայց նա նաև տեսնում էր յուրաքանչյուր անդամի մարդկայնությունը, այդ թվում՝ մեկի, ով աննկատելի սեռական անբարոյականություն էր գործել, «որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա» (Ա Կորնթ. 5․1): Պողոսը կտրուկ անդրադարձավ այս «հիվանդությանը», և մեղավորը զղջաց: Իր երկրորդ նամակում առաքյալը խորհուրդ տվեց եկեղեցուն, թե ինչ անել հաջորդիվ: Նա նշեց, որ այս մարդու մեղքն ազդել էր բոլորի վրա. «ոչ միայն ինձ է տրտմեցրել …  ինչ-որ չափով նաև ձեզ բոլորիդ» (Բ Կորնթ. 2․5): Սակայն, քանի որ մեղավորը հրաժարվել էր իր մեղքից, Պողոսը գրեց. «Դրա համար աղաչում եմ ձեզ, որ նրա նկատմամբ սեր ցուցաբերեք» (հ․ 8):

Նրա դրդապատճառը հստակ էր. «Առատ արտասուքով գրեցի ձեզ, ոչ որպեսզի տրտմեցնեմ ձեզ, այլ որպեսզի իմանաք ձեր նկատմամբ իմ ունեցած անսահման սերը» (հ․ 4): Պողոսը ճանաչում էր կորնթացիներին և իսկապես սիրում էր նրանց:

Մեղքը վնասում է բոլորին։ Բայց յուրաքանչյուր մեղքի ետևում կանգնած է մարդ։ Երբ մեզ վնաս է հասցվում, դժվար է քայլ անել դեպի հաշտեցում։ Սակայն հենց սա է, ինչ Աստված կոչ է անում մեզ անել։ Ճանաչել մարդուն, ապա, Աստծո օգնությամբ, սիրել նրան։

 

Ինչպե՞ս Պողոսը լուծեց մեղքի խնդիրը Կորնթոսի եկեղեցում: Ինչո՞վ է տարբերվում մեղք գործած մեկին սիրելը մեղքի հանդեպ հանդուրժողականությունից:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ իմ մեղքերը լիովին ներելու համար։ Օգնի՛ր ինձ տեսնել մարդկանց այնպես, ինչպես Դու ես տեսնում։ Ամեն:




Աստվածաշունչը մեկ տարում      |    Ամովս 1-3, Հայտնություն 6