Առակներ 3․1-6 Հինգշաբթի | Դեկտեմբեր 18
Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները։ Առ․ 3․6
ՀՈՒՍԱԼԻ ԱՍՏՎԱԾ
Սալլին քսան տարեկանում գաղթեց Կանադա։ Սակայն, երբ Կանադայում գործազրկության բարձր ցուցանիշի պատճառով չկարողացավ աշխատանք գտնել, հարազատները խորհուրդ տվեցին նրան վերադառնալ Մեծ Բրիտանիա։ Նա տարակուսանքի մեջ հայտնվեց, բայց մի օր՝ Առակաց գրքից մի հայտնի տող կարդալուց հետո, կարծես նրա միտքը խաղաղվեց. «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, և նա կուղղի քո ճանապարհները» (Առ․ 3․5-6)։ Սալլին որոշեց ապավինել Աստծուն ու վերադարձավ Մեծ Բրիտանիա։ Շատ չանցած՝ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն և նոր կյանք սկսեց նրա հետ։
Սալիի որոշման վրա ազդեցին Սողոմոն թագավորի հայտնի տողերը: Գրքի 3-րդ գլխում Սողոմոնը խրախուսում է իր որդուն իմաստություն փնտրել Աստծո մեջ և ճանաչել Նրան։ Սողոմոնի կողմից խրախուսվող հույսը, ըստ մեկնաբան Ուորեն Վիրսբիի, նման է իր տիրոջ հրամաններին սպասող ծառայի հնազանդությանը կամ գերեվարված զինվորի խոնարհությանը, ով ենթարկվում է հաղթանակած հրամանատարի հրամանին։ Երբ մենք այս կերպ վստահում ենք Աստծուն, Նա մեզ ուղղորդում է Իր ճանապարհներով (հ․ 6):
Սալլին այդ խոսքերը կախեց իր տան միջանցքում, որպեսզի ամեն օր աչքի առաջ ունենա։ Եթե մենք հետևենք Աստծո Խոսքին և վստահենք Նրան, Նա կառաջնորդի և կաջակցի մեզ։
Որո՞նք են այն որոշումները, որոնցում մեզ անհրաժեշտ է ապավինել Աստծուն։ Ինչպե՞ս ենք զգացել Աստծո առաջնորդությունը մեր կյանքի ճանապարհին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ քայլ առ քայլ ինձ առաջնորդում և ցույց ես տալիս ճիշտ ուղին։ Օգնի՛ր ինձ վստահել և հետևել Քո իմաստուն առաջնորդությանը։
Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Աբդիա, Հայտնություն 9