Գործք Առաքելոց 12. 5-11 Ուրբաթ | Դեկտեմբեր 19
Երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այդ գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապված, քնած էր երկու զինվորների միջև: Գործք Առ. 12․6
ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՄԵՋ
Իմ հարևան Սեմը մի երեկո տուն վերադարձավ առանց իր մեքենայի։ «Գողացել են», - ասաց նա կնոջը՝ ավելացնելով. «Ես գնում եմ քնելու։ Վաղը կզբաղվեմ այդ հարցով»։ Կինը զարմացած էր և չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր Սեմն այդքան հանգիստ վերաբերվել այդ հարցին։ Սեմը բացատրեց. «Ի՞նչ կարող եմ անել։ Ավելորդ խուճապը չի օգնի»։
Իմ ողջամիտ հարևանը գիտեր, որ անհանգստանալու իմաստ չկա։ Նա վստահ էր, որ ոստիկանությունը կգտնի կորած մեքենան, և այդպես էլ եղավ:
Արդյո՞ք Պետրոս առաքյալը նույնպիսի զգացողություն ուներ, երբ հայտնվեց բանտում (Գործք 12․4): Նա մահապատժի առջև կանգնեց, սակայն պահպանեց իր ներքին հանգստությունը և քնեց «երկու զինվորների միջև» (հ․ 6): Հրեշտակը ստիպված եղավ հրել՝ նրան արթնացնելու համար (հ․ 7), ինչը ենթադրում է, որ նա լիակատար հանգիստ էր: Արդյո՞ք դա պայմանավորված էր նրանով, որ Պետրոսը գիտեր՝ իր կյանքն Աստծո ձեռքերում է: Նրա համար այդքան էլ կարևոր չէր կփրկվի, թե ոչ: Հնարավոր է՝ նա հիշում էր Հիսուսի խոստացած փառքը (Մատթ․ 19․28), ինչպես նաև Տիրոջ կոչը՝ հետևել Նրան և չանհանգստանալ տեղի ունեցող իրադարձությունների համար (Հովհ․ 21․22):
Անկախ նրանից, թե ինչ իրավիճակի մեջ ենք հայտնվում, եկե՛ք հավատանք, որ Աստված մեր ապագան՝ թե՛ երկրային, թե՛ երկնային, պահում է Իր հզոր ձեռքերում։ Գուցե սա մեզ օգնի, որ հանգստություն պահպանենք։
Ի՞նչ անհանգստություններ են մեզ գիշերն արթուն պահում։ Ինչպե՞ս կարող ենք սովորել վստահել Աստծուն և կառչել Նրա խոստումներից։
Աղոթք – Տե՛ր, ես գիտեմ, որ իմ ապագան Քո հզոր և հոգատար ձեռքերում է։ Օգնի՛ր ինձ ամեն պարագայում վստահել Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հովնան 1-4, Հայտնություն 10