Մարկոս 10․45-52 Երկուշաբթի | Դեկտեմբեր 29
Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Մարկ․ 10․49
ԱՍՏՎԱԾ ԼՍՈՒՄ Է
«Մարդիկ առաջ տեսնում են իմ հաշմանդամության անվասայլակը, ոչ թե իմ տաղանդներն ու շնորհները», – կիսվում է Նոեմին՝ հիշելով այն դժվարությունները, որոնց բախվում էր եկեղեցում։ Հենաշարժողական խնդիրները, քրոնիկ ցավը և աուտիզմի ախտորոշումը զգալիորեն խոչընդոտում էին նրա շփումը մարդկանց հետ: «Ես ամեն ինչ արեցի եկեղեցական կյանքին ինտեգրվելու համար, բայց չկարողացա», - տխրությամբ խոստովանում է Նոեմին: Անհնար է չհամաձայնել, որ հավատացյալները պետք է ավելի ուշադիր և կարեկից լինեին նրա հանդեպ, ով ցանկանում էր գտնել իր տեղն Աստծո տան մեջ։
Դրա արդյունքում Նոեմին որոշեց նվիրվել այն ծառայությանը, որը կօգնի եկեղեցիներին աջակցել սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց։ «Երբ լսելի է դառնում ինձ նման մարդկանց ձայնը, Աստված գործում է առանձնահատուկ կերպով», – կիսվում է նա։
Բարտիմեոսը նույնպես կարծում էր, որ ոչ ոք չի կարող լսել իրեն։ Աղքատ և կույր լինելով՝ ճանապարհին նստած, մուրում էր (Մարկ․ 10․46): Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել. «Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ» (հ․ 47): «Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար», - նշում է ավետարանիչը (հ․ 48):
Սակայն Տերը լսեց Բարտիմեոսին և կանգ առավ։ «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ», - հարցրեց նա (հ․ 51): Կույրը պատասխանեց. «Ռաբբո՛ւնի, ուզում եմ տեսնել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա՛, քո հավատը քեզ փրկեց»։ Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին (հ․ 52):
Ո՛չ Նոեմին, ո՛չ էլ Բարտիմեոսը չէին «համապատասխանում» հասարակության կողմից դրված չափանիշներին։ Նրանց չէին նկատում ու չէին լսում։ Բայց Հիսուսն այդպիսին չէ։ Ի տարբերություն մեզ շրջապատող աշխարհի՝ Նա լսում և մոտենում է մեզ, որպեսզի կարողանանք ճանաչել, սիրել և հետևել Իրեն, ով եկավ մեզ ծառայելու և փրկելու (հ․ 45):
Երբևէ եղե՞լ է, որ անտեսված զգանք մեզ ուրիշների կողմից։ Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն գտնել Քրիստոսի մխիթարող ներկայության մեջ։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու ժամանակ գտար երկրի վրա հանդիպած բոլոր մարդկանց համար։ Շնորհակալ եմ, որ նույն սերն ու ուշադրությունն այսօր տալիս ես նաև ինձ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Զաքարիա 9-12, Հայտնություն 20