Ծնունդ 39. 20-23 Երեքշաբթի | Դեկտեմբեր 30
Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան․․․: Ծն․ 39․21
ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆԸ
Մեր եկեղեցու կողմից ծերանոցում մատուցվող ծառայության ժամանակ Էդը՝ մի տարեց տղամարդ, պատմեց, թե ինչպես տարիներ առաջ իր դուստրն իրեն բերեց թողեց ծերանոցի դռների առաջ։ «Ես գամված էի անվասայլակին և ոչինչ չէի կարողանում անել։ Աղջիկս առանց ետ նայելու հեռացավ: Այդ օրը նախքան տնից դուրս գալը նա ասել էր, որ գնում ենք մի հրաշալի հյուրանոցում հանգստանալու: Սակայն դա դարձավ վերջին հանդիպումը»:
Էդը հոգեկան ցնցում ապրեց, որն ուղեկցեց նրան մի ամբողջ կյանք։ Նա իր ծերությունն այլ կերպ էր պատկերացնում, երազում սիրող և հոգատար ընտանիքի մասին, որտեղ կխնամեին իրեն։
Դարեր առաջ մի երիտասարդ նմանատիպ ցնցում ապրեց (Ծն․ 37․12-36)։ Հովսեփի եղբայրները նրան նետեցին փոսի մեջ, ապա վաճառեցին Եգիպտոս մեկնող առևտրականներին: Բայց Տերը Հովսեփի հետ էր (Ծն․ 39․2): Ապրելով օտար երկրում և հավատարիմ մնալով Աստծուն՝ սկզբում իր տիրոջ տանը (հ․ 7-10), ապա բանտում, Հովսեփը տեսավ, թե ինչպես Տերը «ողորմություն ցույց տվեց նրան» (հ․ 21): Չնայած դժվարություններին՝ Հովսեփը հաջողության հասավ (հ․ 23): Ի վերջո, նա դարձավ փարավոնից հետո երկրորդ մարդը և ընտանիք կազմեց (Ծն․ 41․41-52): Ավելի ուշ նա նույնիսկ հաշտվեց իր եղբայրների հետ (Ծն․ 45․12-15):
Մարդիկ կարող են մեզ ցավ պատճառել, սակայն Տերը երբեք նման կերպ չի վարվի մեզ հետ։ Չնայած մեր կյանքը կարող է տարբեր կերպ դասավորվել, քան Հովսեփինը, նույն անսպառ ողորմությունը տարածվում է նաև մեզ վրա։ Եկե՛ք հետևենք Աստծո առաջնորդությանը և վստահ լինենք, որ նա կբուժի մեր սրտերը։
Ինչպե՞ս է Աստված ամոքել մեր վերքերը և անցյալի ցավերը։ Արդյո՞ք վստահում ենք Նրա սիրառատ հոգատարությանն այսօր։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ Քո սերը բժշկող է։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Զաքարիա 13-14, Հայտնություն 21