Ա Մնացորդաց 17:20-24 Հինգշաբթի | Հունվար 1
Ո՛վ Տեր, քեզ նմանը չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա։ Ա Մնաց․ 17․20
ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՇՆՈՐՀԸ
«Հույս ունեմ, որ այս նոր տարին քեզ կպարգևի նոր օրհնությունների առատություն»: Այս տողերով իր ընկերոջը շնորհավորեց բազմաթիվ հոգևոր երգերի հեղինակ Ջոն Նյուտոնը։ «Տերը բարի է։ Նա մեզ ազատագրել է, ազատագրում է և ապագայում ևս կազատի»։
Նյուտոնի համար յուրաքանչյուր Նոր տարի Աստծո մնայուն շնորհի մասին մտորելու ժամանակաշրջան էր։ Նա իր գլխավոր հոգևոր երգերից մեկը՝ «Զարմանալի շնորհը» վերնագրով, առաջին անգամ հանրությանը ներկայացրեց 1773 թվականի Նոր տարվա օրը։ Երգի խոսքերը հետևում էին նույն օրինաչափությանը. «Բայց դու միշտ ինձ հետ ես եղել՝ ինձ տուն տանելով»։ Շատերը կարծում են, որ այս սովորությունը նա ձեռք էր բերել Աստվածաշնչից։ Ա Մնացորդաց 17-րդ գլուխը նկարագրում է, թե ինչպես է Դավիթ թագավորը ծրագրեր կազմում ապագայի համար (Ա Մնաց. 17)։ Սակայն, երբ Աստված հայտնեց Իր ծրագիրը նրան, Դավիթը միայն կարողացավ զարմանալ Տիրոջ անցյալի, ներկայի և ապագայի շնորհով։
Նա հիշեց, թե ինչպես Աստված եկավ Իսրայելի մոտ՝ նրանց «փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու» (հ․ 21), և գոհացավ Տիրոջից. «Դու, ո՛վ Տեր, Աստված եղար նրանց համար» (հ․ 22): Եվ ապա, կանխատեսելով, թե ինչպես է Աստծո խոստացված Թագավորը ծնվելու իր սերունդներից (հ․14), Դավիթն աղոթեց. «Արա՛, ինչպես որ ասել ես ․․․ անունդ հաստատ ու մեծ լինի հավիտյան» (հ․ 23-24):
Յուրաքանչյուր նոր տարի բերում է նոր հնարավորություններ և մարտահրավերներ։ Եկե՛ք սկսենք այս տարին եռակի խորհրդածությամբ. ուրախանանք Տիրոջ արդեն ցուցաբերած շնորհով, հանգստանանք Նրա ապահով ներկայության մեջ և ամուր կառչենք Նրա ապագայի խոստումներին։
Ի՞նչ անհանգստություններ ունենք, երբ մտածում ենք գալիք տարվա մասին: Ինչպե՞ս կարող է անցյալում, ներկայում և ապագայում Աստծո շնորհի մասին խորհրդածելը մխիթարություն և հույս բերել:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ես վստահությամբ այս նոր տարվա ճանապարհը հանձնում եմ Քո վստահելի ձեռքերի մեջ։ Թող կամքդ առաջնորդի ինձ ամեն քայլում, և շնորհդ լինի իմ ուժն ու հույսը՝ այսօր և գալիք օրերում։
Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 1-3, Մատթեոս 1