Ղուկաս 12. 22-31 Կիրակի | Հունվար 4
Նայե՛ք շուշաններին․․․: Ղուկ․ 12․27
ԱՍՏԾՈ ՀՐԱՇԱԼԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Ծնողների համար նույնիսկ մեկ երեխայի կորուստը ծանր ու կործանարար փորձություն է, իսկ երկուսին կորցնելը՝ պարզապես անտանելի ու աննկարագրելի վիշտ։ Ավստրալիացի երաժիշտ, գրող և դերասան Նիք Քեյվը ստիպված եղավ անցնել հենց այդ ճանապարհով։ 2015 թվականին նրա տասնհինգամյա որդին ընկավ ժայռից և մահացավ։ Մի քանի տարի անց կյանքից հեռացավ նաև Քեյվի ավագ որդին։ Ինչպե՞ս կարող էին նա և իր կինը դիմանալ այդպիսի անտանելի վշտին։
Քեյվը փորձում էր մխիթարություն գտնել իրեն շրջապատող աշխարհում։ «Բնությունն ունի մի յուրահատկություն՝ մնալ գեղեցիկ նույնիսկ ամենախոր ցավի պահերին։ Այն միշտ մնում է հիասքանչ, հենց այդպես էի ես տեսնում այն»,– ասում է Քեյվը։
Հիսուսը նույնպես խոսեց աշխարհի գեղեցկության մասին և տեսավ այն այնպիսին, ինչպիսին իրականում կա՝ որպես Աստծո ստեղծագործություն։ Նրա հայտնի խոսքերը՝ «Նայե՛ք շուշաններին…» (Ղուկ. 12.27), չեն ժխտում մեր կյանքում տառապանքի իրականությունը։ Հակառակը, Տերը հարգանքով է վերաբերում մեր ողբերգություններին և առաջարկում բուժում նույնիսկ դժվար իրականության պայմաններում։ «Դադար տվեք և ուշադրությամբ դիտեք դաշտի շուշաններին, ագռավներին (հ․ 24) կամ արևածագը։ … եթե Աստված այդպես հագցնում է հանդի խոտը, որ այսօր կա ու վաղը կրակի մեջ է գցվում, ապա որքա՜ն առավել ձեզ», - սովորեցրեց Քրիստոսը (հ. 28)։
Վշտի ու կորուստների առաջ աշխարհի մխիթարությունները հաճախ անզոր են։ Հիսուսը մեզ կոչ է անում սրտով մտորել Արարիչի մասին՝ այն Հոր, ով հոգ է տանում Իր հրաշալի ստեղծագործության մասին, այդ թվում՝ նաև մեր կյանքի և մեր ցավի։
Վերջին անգամ ե՞րբ ենք կանգ առել, որպեսզի նայենք մեր շուրջը գտնվող աշխարհին։
Աղոթք – Տե՛ր, տառապանքի ժամանակներում շնորհի՛ր հոգու խաղաղություն, որպեսզի կարողանամ տեսնել Քո հրաշալի ստեղծագործությունը։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 10-12, Մատթեոս 4