.
2026թ., Հունվարի 5

Ա Թագավորների 12. 19-24                                                             Երկուշաբթի   |   Հունվար 5

 

 

Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց․․․ Ա Թագ․ 12․23 

 

ՀՈԳԱՏԱՐ ԱՂՈԹՔ

 

Ատամնաբույժի աթոռին նստած կնոջ դեմքին անհանգստության նշաններ կային։ Ատամնաբույժը նկատեց դա և հարցրեց պատճառը, որին ի պատասխան կինն ասաց. «Ընտանեկան դժվարություններ»։ Բժիշկը պատրաստակամություն հայտնեց աղոթել նրա համար: Ատամնաբուժարանի աշխատակիցներից մեկը նույնպես միացավ աղոթքին։ Այս աղոթքներից հետո կինը դուրս եկավ սենյակից՝ զգալով, որ իր մասին իսկապես հոգ են տանում և ինքը միայնակ չէ։

Ուրիշների համար աղոթքը հոգատարություն ցուցաբերելու լավագույն միջոցներից մեկն է։ Ի վերջո, այն ուղղված է գոյություն ունեցող լավագույն օգնության աղբյուրին՝ ամենակարող Երկնային Հորը։ 

Սամուել մարգարեն մի անգամ հանդիպեց նյարդայնացած ու վախեցած մարդկանց (Ա Թագ․ 12․19): Իսրայելացիները հիմարաբար թագավոր էին խնդրել և այժմ վախենում էին, թե ինչպես կդասավորվեն իրենց գործերը։ Մարգարեն նրանց ասաց. «Մի՛ վախեցեք» (հ․ 20)՝ վստահեցնելով Աստծո բարության մեջ, ապա խոստացավ. «Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց» (հ․ 23):

Մենք նույնպես ունենք արտոնություն և կոչում աղոթելու ուրիշների համար։ Երբեմն լուռ, երբեմն բարձրացնելով մեր ձայնը՝ մենք պատվում ենք Աստծուն՝ խնդրելով Նրան օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։

 

Ու՞մ համար կարող ենք աղոթել այսօր։ Ինչպե՞ս կարող է փոխվել մարդկանց կյանքը, երբ մեր աղոթքով կանգնենք նրանց կողքին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Խոսքիդ համար, որ ասացիր. «Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում» (Հակոբոս 5․16): Օգնի՛ր ինձ դառնալ այնպիսի մարդ, ով ամբողջ սրտով և հավատով աղոթում է ուրիշների համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 13-15, Մատթեոս 5-1-26