Հոբ 30․20-23, 38-1-3 Չորեքշաբթի | Հունվար 7
․․․Իրոք, խոսել եմ, բայց չեմ հասկացել․․․ Հոբ 42․3
ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ
Անգլիացի հանրահռչակ գրող և բանաստեղծ Ջոն Թոլքինի երկրպագուներից մեկը նրան գրել է՝ հարցնելով, թե ինչու՞ «Մատանիների տիրակալը» եռագրության հերոսները ամենակարողության այդ մատանին Մորդոր չեն հասցրել պարզապես հսկա արծիվներին «հեծած»։ Հետագա հարցազրույցներից մեկում Թոլքինը նշել է, որ դա չափազանց կհեշտացներ գործը։ Սակայն, մի օր, երբ նրան դեմ առ դեմ են ուղղել այդ հարցը, գրողը կտրուկ և կոպիտ պատասխանել է. «Հանգիստ թողե՛ք ինձ»։
Թոլքինի այս պատասխանի մեջ կարևոր դաս կարելի է տեսնել։ Չէ՞ որ մենք էլ, երբեմն նմանատիպ հարցեր ենք տալիս բոլոր ժամանակների մեծագույն պատմության Հեղինակին՝ Աստծուն։ Մենք հարցնում ենք. «Ինչո՞ւ Դու, Ամենակարո՛ղ Աստված, չես կարող լուծել իմ խնդիրը»։
Աստվածաշնչյան հեղինակներն էլ նմանատիպ հարցեր են ուղղել Աստծուն։ Եվ Նա երբեք չի ասել նրանց՝ «ինձ հանգիստ թողեք», մեզ էլ չի ասում։ Այդ մենք ենք լռում, երբ կանգնում ենք Նրա ներկայության առաջև։
Հոբը՝ ամենահայտնի տառապյալը, Աստծուն ուղղված շատ հարցեր ուներ։ Նա զավակներին, ունեցվածքը, առողջությունը կորցնելուց հետո ողբում էր՝ ասելով. «Ես քեզ աղաղակում եմ, բայց դու ինձ չես պատասխանում․․․» (Հոբ 30․20)։ Աստված ի վերջո պատասխանեց Հոբի հարցերին, բայց անսպասելի կերպով։ Նա ասաց. «ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտեցածդ իմացրո՛ւ» (Հոբ 38․3)։ Աստծո տված հարցին Հոբը պատասխան չուներ, և ասաց «․․․Իրոք, խոսել եմ, բայց չեմ հասկացել․․․» (Հոբ 42․3)
Եթե Թոլքինի հսկա արծիվները Ֆրոդոյին ու Սեմին տանեին Մորդոր, չէր լինի ո՛չ արկած, ո՛չ պատմություն, ո՛չ դեպքերի զարգացում։ Աստված գրում է մեր կյանքի պատմությունները, և զարգացնում Է իմ ու քո բնավորությունը։ Այսպիսով, մենք անցնում ենք մեր կյանքի մեծագույն քվեստը՝ որոնումը, Բարձրյալ Աստծո նախախնամությամբ:
Ինչո՞ւ է երբեմն մեզ թվում, թե Աստված չի լսում մեր աղոթքները։
Ինչպե՞ս կարող ենք տեսնել Նրա գործերն այդ լռության մեջ։
Աղոթք – Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ վստահել քեզ, նույնիսկ երբ թվում է, թե Դու լռում ես։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 18-19, Մատթեոս 6․1-18