Հակոբոս 4. 13-17 Շաբաթ | Հունվար 10
․․․դուք, որ վաղվա օրը չգիտեք․․․ Հակ․4․14
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՅՍՕՐԸ
Վիետնամցի կոլեկցիոներ Ֆամը, ով սիրում էր վերականգնել հնաոճ մեխանիզմներ, Եվրոպայի տարբեր անկյուններից փրկեց շուրջ քսան եկեղեցական ժամացույց, որոնցից շատերն արդեն փոխարինվել էին թվայիններով։ Դրանցից մեկը՝ պատրաստված Իտալիայում, թվագրված էր 1750 թվական։ Հատկանշական է, որ այն մինչ օրս անսխալ ցույց է տալիս ժամանակը։ Ֆամը նշում է, որ դրանք յուրօրինակ հիշեցումներ են այն մասին, որ ժամանակը թանկ է, և մենք պետք է վայելենք յուրաքանչյուր ակնթարթը:
Իր նամակում Հակոբոսը կոչ է անում ընթերցողներին գիտակցել ժամանակի իրական արժեքը՝ հիշեցնելով, որ նրանց կյանքը «մի գոլորշի է, որ մի կարճ ժամանակ երևում է, իսկ հետո անհետանում» (Հակ․ 4․14)։ Նա հանդիմանում է նրանց, ովքեր երկարաժամկետ ծրագրեր են կազմում՝ առանց դրանց մեջ Աստծուն ներգրավելու։ «Այսօր կամ վաղն այսինչ քաղաքը կգնանք ու այնտեղ մի տարի կմնանք, առևտուր կանենք և դրամ կշահենք», - ասում էին նրանք (հ․ 13), մինչդեռ անգամ չէին գիտակցում, թե «ինչ կլինի վաղը» (հ․ 14)։ Սեփական հաջողությունը ծրագրելը, առանց բոլոր բարիքների Տվողին հաշվի առնելու, ունայնություն է և ամբարտավանություն։
Կյանքի անցողիկ բնույթը գիտակցելով՝ մենք կարող ենք ազատությամբ նայել ապագային և ավելի գնահատել ներկան։ Երբ ապրում ու գործում ենք Աստծո ծրագրի համաձայն, կարող ենք խոնարհությամբ վստահել Նրան և ընդունել յուրաքանչյուր օրը որպես ի վերուստ տրված պարգև՝ լի իրական արժեքով։
Երբևէ եղե՞լ է, որ Աստծուն հանենք մեր ծրագրերից։ Ինչպե՞ս կարող ենք այս օրը ընդունել որպես Նրա պարգև։
Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, այսօրվա համար, ես իմ ապագան վստահությամբ հանձնում եմ Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 25-26, Մատթեոս 8․1-17