.
2026թ., Հունվարի 12

Սաղմոսներ 32. 1-5, 9-11                                                               Երկուշաբթի   |   Հունվար 12

 

 

Կուսուցանեմ քեզ, կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Սաղմ․ 32․8

 

ԼՈՒՌ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

Ջեյսոնն ու Ադամը տասը տարի շարունակ միասին էին աշխատում՝ տների պատերը երեսպատելով։ Նրանք լավ ընկերներ էին, թեև երկուսն էլ լռակյաց էին։ Աշխատանքն ընթանում էր գրեթե լիակատար լռության մեջ, բայց նրանք այնքան լավ էին ճանաչում միմյանց, որ դա երբեք խոչընդոտ չդարձավ ընկերության մեջ։ Խոսքերի կարիք չկար․ գլխի թեթև շարժումը կամ մեկ հայացքը բավական էր։ Այդ պարզ ժեստերը հաճախ ավելին էին ասում, քան երկար խոսքերը։

Սաղմոս 32-ը նկարագրում է Աստծո և սաղմոսերգուի միջև նույնպիսի խոր մտերմություն։ Թարգմանություններից մեկում 8-րդ համարը եզրափակվում է այս խոսքերով․ «Ես կուղղորդեմ քեզ իմ հայացքով»։ Աստված մեզ հեռվից չի դիտում։ Նա սիրող Հայր է, Ով քայլում է Իր զավակների հետ և աջակցում նրանց։ Թեպետ սաղմոսը սկսվում է մեղքի խոստովանությամբ (հ․ 1-5), շեշտը դրված չէ պատժի վրա, այլ՝ սիրով ուղղորդման, որով Աստված Իր զավակներին դնում է ճիշտ ուղու վրա (հ․ 7- 8)։

Հնազանդության բացակայությունը նման է ձիերի վարքին, որոնց «կզակների մեջ սանձ ու պախուրց պետք է դնել, որ քեզ մոտենան» (հ․ 9)։ Սա անհնազանդության ու Աստծո ճանապարհից անտեղյակ լինելու մասին է։ Հավատացյալները պետք է սերտ կապ ունենան Տիրոջ հետ՝ զգայուն և պատրաստակամ լինելով Նրա նուրբ ուղերձներին։ Այդ կապն ամրապնդելու միջոցներից մեկն Աստվածաշունչ կարդալն է, ինչն օգնում է մեզ «վարվել Հոգով» (Գաղ․ 5․25) և սիրել այն, ինչ սիրում է Աստված։ Այդ ճանապարհով մենք կարող ենք իսկապես ուրախանալ և ցնծալ Տիրոջով (Սաղմ․ 32․11)։

 

Ինչպե՞ս կարող է մեր հոգևոր կյանքը վերածվել առօրյա ընթացքի։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ կատարելապես ճանաչելով ինձ՝ սիրով կանչում ես մաս կազմելու Քո Թագավորությունը տարածելու գործում։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 29-30, Մատթեոս 9․1-17