.
2026թ., Հունվարի 13

Գ Թագավորների 19․1-8                                                                 Երեքշաբթի   |   Հունվար 13

 

 

Եվ Տիրոջ հրեշտակը ասաց. «Վե՛ր կաց, կե՛ր, որովհետև ճանապարհը շատ երկար պիտի լինի քեզ համար»։ Գ Թագ․ 19․7

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

 

Թինային թվում էր, թե խելագարվում է։ Առավոտյան ժամը երեքն էր, իսկ նրա փոքրիկն արդեն չորս ժամ անընդմեջ լաց էր լինում։ Ամիսներ շարունակ նա նորմալ չէր քնել։ Հյուծված ու հուսահատ Թինան գրկեց երեխային և ամբողջ ուժով գոռաց. «Լռի՛ր»։ Սակայն հետո զղջաց ու ամաչեց։ Նա երազում էր սիրող և հոգատար մայր լինելու մասին, բայց հիմա իրեն լիովին ձախողված էր զգում այդ դերում։

Վստահաբար բոլորս էլ ծանոթ ենք ամոթի զգացողությանը՝ լինի դա աններելի սխալի կամ պարզապես թերարժեքության պատճառով։ Մեղքի զգացումը կարող է օգտակար լինել՝ մեր սխալները գիտակցելու և ամեն ինչ նոր տողից սկսելու տեսանկյունից։ Սակայն ամոթը երբեմն ստիպում է փախչել մարդկանցից, նույնիսկ՝ Աստծուց։

Եղիա մարգարեն քաջ էր, բայց երբ թագուհի Հեզաբելը խոստացավ սպանել նրան, նա վախից փախավ անապատ (Գ Թագ․ 19․1-3)։ Այնտեղ նա Աստծուց մահ աղաչեց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին» (հ․ 4)։ Հյուծված, ջախջախված և խորապես ամոթխած՝ Եղիան խոստովանեց. «Ես իմ հայրերից լավը չեմ» (հ․ 4)։

Այն, ինչ Աստված արեց Եղիայի համար, անսպասելի էր։ Տեսնելով նրա հոգևոր և զգայական հյուծված վիճակը, Տերը հոգ տարավ նրա մասին՝ թույլ տալով նրան ուտել և հանգստանալ (հ․ 5-7)։

Երբ մենք տառապում ենք մեղքի զգացումից, դիմենք Աստծուն՝ ներում խնդրելու համար: Բայց երբ ուժասպառ ենք զգում, Աստծո առաջին պարգևը մեզ համար հաճախ ֆիզիկական վերականգնումն է, որին հաջորդում է հոգևոր բժկությունը:



Ֆիզիկապես ի՞նչ վիճակում ենք գտնվում հիմա։ Երբ ձախողված կամ ուժասպառ ենք զգում, ի՞նչ ակնկալիքներ ենք ունենում Աստծուց։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ խաչի մահով Քեզ վրա վերցրիր մեր մեղքերը և ազատեցիր ամոթի բեռից։ Զորացրո՛ւ և օգնի՛ր, որ մեր կյանքը լինի Քեզ նվիրված ու Քեզ համար ապրելու վկայություն։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 31-32, Մատթեոս 9․18-38