Բ Կորնթացիներին 1. 3-11 Չորեքշաբթի | Հունվար 14
Օրհնյա՜լ է Աստված ամեն մխիթարության, որ մեր բոլոր նեղությունների մեջ մխիթարում է մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց: Բ Կորնթ․ 1․3-4
ԱՍՏԾՈ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ես և ամուսինս նոր էինք վերադարձել սուպերմարկետից։ Մթերքները դատարկելիս անհամբեր փնտրում էի այդքան սպասված բլիթները, սակայն այդպես էլ չգտա։ Երբ ստուգեցի կտրոնը, պարզվեց, որ մենք դրանք չէինք էլ գնել։ Ես հիասթափված ասացի ամուսնուս. «Ես այնտեղ գնացի բլիթների հետևից։ Դրանց մասին ուղղակի երազում էի»։ Րոպեներ անց ամուսինս ինձ բլիթներով լի փոքրիկ տոպրակ բերեց։ Նա մեքենայով կրկին անցել էր վտանգավոր ու ձնառատ ճանապարհով և գնել դրանք ինձ համար։ Ես նրան ամուր գրկեցի և մեղավորության զգացումով ասացի. «Շնորհակալություն, սիրելիս։ Դու ռիսկի դիմեցիր հանուն իմ քմահաճույքների»։
Սովորաբար ես այդքան քմահաճ չեմ, բայց շաբաթս ծանր էր, և մխիթարություն էի փնտրում ուտելիքի մեջ։ Այնուամենայնիվ, ամուսնուս սերն ու հոգատարությունն ինձ շատ ավելի մեծ ուրախություն և խաղաղություն պարգևեցին, քան ցանկացած բլիթ կարող էր տալ։
Մեր ցանկությունները բավարարելուց ստացած մխիթարությունը միշտ կարճատև է։ Պողոս առաքյալը կորնթացիներին գրեց, որ իսկական և երկարատև մխիթարությունը գալիս է Աստծուց (Բ Կորնթ. 1.3):
Պողոսը հասկանում էր իր ընթերցողների պայքարն ու կարիքները։ Նրանց նման, նա նույնպես բախվում էր ամենօրյա փորձությունների, այդ թվում հալածանքների՝ իր հավատքի համար։ Այնուամենայնիվ, նա մխիթարվում էր Աստծո կողմից, որպեսզի կարողանար մխիթարել ուրիշներին (հ․ 4):
Երբ ցավ ենք զգում, դիմենք Հիսուս Քրիստոսին, Ով լի է կարեկցանքով և մխիթարությամբ (հ․ 5):
Ի՞նչ իրավիճակներում ենք առավել զգացել Աստծո մխիթարությունը։
Ինչպե՞ս կարող ենք այդ մխիթարությունը փոխանցել ու կիսվել նրանց հետ, ովքեր անցնում են նման փորձությունների միջով։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո մխիթարությամբ ներկա ես իմ կարիքների մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 33-35, Մատթեոս 10.1-20