.
2026թ., Հունվարի 15

Դ Թագավորների 6. 9-10, 13-17                                                     Հինգշաբթի   |   Հունվար 15

 

 

․․․ մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները։ Դ Թագ․ 6․16

 

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Երբ Ջոշուա Ռեյնոլդսը 1789 թվականին ստեղծեց «Կարդինալ Բոֆորտի մահը» անվամբ կտավը, նա մահացողի ետևի խավարում պատկերեց դևի դեմքը։ Ռեյնոլդսը ճշգրիտ կերպով ներկայացրեց Շեքսպիրի «Հենրի VI, մաս 2» քրոնիկի այն տեսարանը, որտեղ մահացողը խնդրում է, որ «նյարդայնացնող դևը» հեռացվի։ Սակայն դա ոչ բոլորին էր հաճելի։ Ռեյնոլդսի մահից հետո՝ 1792 թվականին, դեմքը ներկվեց։ Սակայն վերջերս, կտավը վերականգնող մասնագետները հայտնաբերեցին այն ներկի և լաքի շերտերի տակ՝ բացահայտելով գաղտնիքը։

Աստվածաշունչը խոսում է մեզ շրջապատող հոգևոր իրականության մասին, որն անտեսանելի է անզեն աչքի համար և որտեղ Աստված է թագավորում: Երբ Եղիսեին շրջապատեց թշնամու զինվորների ու կառքերի բանակը, նրա ծառան վախից աղաղակեց. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»: Եղիսեն նրան վստահեցրեց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։ Ապա նա խնդրեց Աստծուն բացել ծառայի աչքերը, և նա հանկարծ տեսավ, որ «Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով» (Դ Թագ․ 6․14-17):

Հրեղեն ձիերն ու կառքերը խորհրդանշում էին այն հրեշտակներին, որոնց Տերն ուղարկել էր մարգարեին պաշտպանելու համար: Այս համարները պարունակում են մխիթարական ճշմարտություն, որ աշխարհում, որտեղ վտանգներ են թաքնված և հոգևոր պատերազմ է մոլեգնում, Աստված անսասանորեն պաշտպանում է մեզ: Անկախ նրանից, թե ինչի ենք մենք բախվում, ոչինչ չի «բաժանի մեզ» Նրա սիրուց (Հռոմ․ 8․39):

 

Ինչպե՞ս է Աստված հոգ տանում մեր մասին։ Ինչպե՞ս կարող ենք Նրան հայտնել մեր գոհությունն ու սերը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ անսահման սիրով սիրեցիր, և ոչինչ չի կարող բաժանել մեզ Քո սիրուց։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 36-38, Մատթեոս 10.21-42