Սաղմոսներ 119. 30-41 Ուրբաթ | Հունվար 16
Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։ Սաղմ․ 119․32
ԸՆԴԱՐՁԱԿ ՍԻՐՏ
Իր «Խոստովանություններ» ինքնակենսագրական աշխատության մեջ Սուրբ Օգոստինոս Երանելին հարցնում է․ «Հնարավո՞ր է արդյոք, որ Աստված հարաբերությունների մեջ մտնի ինձ՝ թշվառիս հետ։ Ինչպե՞ս կարող է տիեզերքի Արարիչը բնակվել մարդկային նեղ և մեղավոր սրտում»։ Բայց նա աղաչում է Տիրոջն անել դա. «Իմ հոգու տունը նեղ է, ընդարձակի՛ր այն, որպեսզի կարողանաս ներս մտնել. այն ավերված է, խնդրում եմ վերականգնի՛ր. այնտեղ կան բաներ, որ հաճելի չեն Քեզ, ես դա գիտակցում և ընդունում եմ: Բայց ո՞վ կմաքրի այն։ Ու՞մ աղաղակեմ, եթե ոչ Քեզ», - աղոթում էր Օգոստինոսը։
Այսօր նրան հիշում են որպես հայտնի փիլիսոփա և աստվածաբան։ Սակայն Օգոստինոսն ինքն իրեն համարում էր պարզապես Աստծո կողմից հրաշքով վերափոխված մարդ, ով ցանկանում էր ճանաչել Նրան։
Սաղմոս 119-ի հեղինակը նույնպես մեծարում է Աստծո հայտնությունը Սուրբ Գրքում (Սաղմ․ 119․18): «Դու լայնացրիր իմ սիրտը», - բացականչում է նա (հ․ 32): Միայն այն պատճառով, որ Աստված բարեհաճորեն որոշեց մեր սրտերը լայնացնել, մենք կարող ենք ուրախությամբ հետևել այն ճանապարհին, որը Նա ցույց է տալիս մեզ (հ․ 45): Նա մեր սրտերը հեռացնում է ունայնությունից (հ․ 36-38) և ուղղորդում Իր «պատվիրանների շավիղներով», որտեղ մենք անվերջ մխիթարություն ենք գտնում (հ․ 35):
Մեր սրտերը նեղ են և անկայուն։ Սակայն երբ մենք դրանք բերում ենք Աստծո առաջ (հ․ 34, 36), Նա առաջնորդում է մեզ ուրախության և ճշմարիտ ազատության ճանապարհով։
Ինչպե՞ս է Աստված «ընդարձակել» մեր սիրտը։ Մեր կյանքի ո՞ր ոլորտում ենք այսօր զգում Նրա կողմից աճի և հասունացման կարիքը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ բացեցիր սիրտս Քո մեծության առաջ։
Աղաչում եմ՝ ընդարձակի՛ր այն այսօր և ամեն օր, որպեսզի կարողանամ ամբողջությամբ ընդունել Քո կամքն ու սերը։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 39-40, Մատթեոս 11