.
2026թ., Հունվարի 17

Հովհաննես 13. 36-38, 21. 18-19                                                            Շաբաթ   |   Հունվար 17

 

 

Եվ ով իր խաչը չվերցնի ու իմ հետևից չգա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Ղուկ․ 14․27

 

ՀԱՍՏԱՏ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ 

 

155 թվականին Հռոմի կայսրը սպառնաց խարույկի վրա այրել վաղ եկեղեցու հայրերից Պոլիկարպոսին՝ Քրիստոսի հանդեպ նրա հավատքի համար։ Ի պատասխան այդ սպառնալիքին՝ Պոլիկարպոսն ասաց․ «Ես ծառայել եմ Նրան ութսունվեց տարի, և Նա ինձ ոչ մի վնաս չի պատճառել։ Ինչպե՞ս կարող եմ հիմա հայհոյել իմ Թագավորին, Ով փրկեց ինձ»։

Պոլիկարպոսի պատասխանն այսօր կարող է ոգեշնչել մեզ, երբ բախվում ենք հալածանքների Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի համար։

Փրկչի մահից ընդամենը մի քանի ժամ առաջ Պետրոսը ջերմեռանդորեն խոստացավ հավատարիմ մնալ Նրան։ «․․․ես իմ կյանքը կտամ քեզ համար», – հավաստիացնում էր նա (Հովհ․ 13․37)։ Սակայն Հիսուսը, որ Պետրոսին ճանաչում էր ավելի լավ, քան նա՝ ինքն իրեն, պատասխանեց. «․․․ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու ինձ երեք անգամ կուրանաս» (հ․ 38)։ Այնուամենայնիվ, Տիրոջ հարությունից հետո նույն Պետրոսը, ով ուրացել էր Նրան, դարձավ Նրա հավատարիմ ծառան և ի վերջո իր մահվամբ փառավորեց Նրան (Հովհ․ 21․16-19)։

Մեզնից շատերն այսօր Պետրոսի նման ունենում են «քաջության անկումների» պահեր, երբ դժվար է խոսել կամ գործել հոգևորապես։ Այդ պահերին, սակայն, չպետք է հուսահատվենք, այլ աղոթքով թոթափենք անցյալի անհաջողությունների փոշին և դիմենք Նրան, ով մահացավ մեզ համար։ Տերը կօգնի մեզ հավատարիմ մնալ և ամեն օրը քաջաբար ապրել Իր համար՝ անկախ մեր շուրջը եղած դժվարություններին:

 

Ե՞րբ ենք առանձնակի քաջության կարիք զգում հաստատ կանգնելու Քրիստոսի համար։ Ի՞նչն է մեզ զորացնում՝ վկայելու Նրա մասին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհի՛ր ուժ և հաստատուն կամք՝ լինելու Որդուդ՝ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավատարիմ ու քաջարի հետևորդը։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ծնունդ 41-42, Մատթեոս 12. 1-23