Մատթեոս 11․1-6 Երեքշաբթի | Հունվար 20
Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք։ Մատթ․ 11․3
ԿԱՍԿԱԾՆԵՐ ԼՈՒՅՍԻ ՄԵՋ
Վարագույրների ճեղքից ուշադրությունս գրավեց վառ լուսավորությունը հարակից տարածքի վրա։ Հոգնեցուցիչ շաբաթվա ավարտն էր։ Ենթադրելով, որ փողոցային լապտերներ են՝ գնացի քնելու։ Սակայն հաջորդ օրը հայտնաբերեցի, որ բաց եմ թողել հյուսիսափայլը։ Այդ հրաշալի տեսարանը հենց պատուհանիս առաջ էր, իսկ ես պատկերացում անգամ չունեի, թե ինչ էի տեսել։
Բանտում գտնվելու ընթացքում Հովհաննես Մկրտիչը փորձում էր ճանաչել մեկ այլ լույս՝ «աշխարհի լույսը» (Հովհ. 8.12): Այո՛, նա մկրտել էր Տիրոջը Հորդանանում և հայտարարել. «Սա է Աստծու Որդին» (Հովհ. 1.34): Բայց հիմա, մենախցում, Հովհաննեսը տանջվում էր կասկածներով (Մատթ. 11.2), արդյո՞ք ինքը չէր սխալվել։ Այդ պատճառով նա իր աշակերտներից երկուսին ուղարկեց Հիսուսի մոտ՝ հարցնելով. «Դո՞ւ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք» (հ․ 3): Ի պատասխան՝ Տերը ցույց տվեց Իր հրաշքներն ու Բարի լուրը (հ․ 5)՝ ավելացնելով. «Երանի՜ նրան, ով ինձանով չի գայթակղվի» (հ․ 6):
Մեզնից յուրաքանչյուրի մեջ բարձրանում են կասկածներ. արդյո՞ք Քրիստոսն այն լույսն է, Ում վրա հույս ենք դնում։ Տերն ամեն ինչ հասկանում է։ Նա չհանդիմանեց Հովհաննեսին կասկածների համար։ Ավելին, Նա օգնեց նրան հաստատուն մնալ՝ վստահեցնելով Իր խոսքերով և գործերով։
Քրիստոսի լույսն անփոփոխ է և երբեք չի մարում։ Մենք նույնպես կարող ենք Նրանից մխիթարություն և զորություն ստանալ, եթե ժամանակ հատկացնենք՝ նայելու Տիրոջը և լսելու Ավետարանի պատմությունները (հ․ 4)։
Երբևէ կասկածներ ունեցե՞լ ենք Քրիստոսի անձի և մեր հանդեպ ցուցաբերած Նրա սիրո իրական լինելու վերաբերյալ: Ինչպե՞ս է Ավետարաններում Նրա մասին ընթերցելը խաղաղեցնում և զորացնում մեր սրտերն ու մտքերը։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, այսօր ևս վստահություն տուր՝ հիշեցնելով, որ Դու ես ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ․ 14․6)։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ծնունդ 49-50, Մատթեոս 13. 31-58