Դ Թագավորների 4. 8-10, 14-17 Չորեքշաբթի | Հունվար 21
Այնտեղ մի հարուստ կին կար. նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել։ Դ Թագ․ 4․8
ՊԱՏՐԱՍՏ ԵՂԵ՛Ք ԾԱՌԱՅԵԼՈՒ
Վաղ առավոտյան Սառան զբաղված էր օրվա անելիքների ցանկը կազմելով։ Այդ պահին նրան դիմեց մի երիտասարդ ընտանիք, որը ծանր կացության մեջ էր հայտնվել։ Նրանք սննդի կարիք ունեին և խնդրում էին եկեղեցու կողմից պատրաստված մթերքի փաթեթը հասցնել իրենց։ Սառան զբաղված էր, սակայն իր սրտում հստակ զգում էր, որ Աստված ցանկանում է, որ հենց ինքը փոխանցի այդ փաթեթը։ Այդ պատճառով էլ նա ուղևորվեց այն հյուրանոցը, որտեղ եկեղեցին մի քանի շաբաթով ապաստան էր տվել երիտասարդ ընտանիքին։ Ճանապարհը սպասվածից երկար էր, և Սառան սկսեց դժգոհել իր մտքում. «Այսքան վառելիք եմ ծախսելու ընդամենը մի փաթեթ հասցնելու համար»։ Սակայն նույն պահին խղճի խայթ զգաց։ Մի՞թե Տերը բազմիցս չի հոգացել իր մասին։ «Այո՛, Երկնայի՛ն Հայր, - շշնջաց նա, - ների՛ր այս վերաբերմունքիս համար»։
Մի օր Եղիսե մարգարեն Սունամում հանդիպեց մի կնոջ, ով ցանկանում էր ծառայել նրան։ Նա ստիպեց նրան իր տանը հաց ուտել, դրանից հետո Եղիսեն հաճախ էր այցելում նրանց տուն (Դ Թագ․ 4․8): Նա և իր ամուսինը նույնիսկ նրա համար առանձին վերնասենյակ շինեցին տանիքի վրա, որպեսզի հարկ եղած դեպքում կանգ առնելու ու հանգստանալու տեղ ունենար (հ․ 9-10): Այս ծառայության համար Աստված օրհնեց նրանց զավակով, ինչի մասին Եղիսեն էլ նախապես մարգարեացավ (հ. 16)։
Անկախ նրանից՝ մեր ծառայությունն ուղղված է հայտնի մեկին, թե անօթևան մի ընտանիքի, երբ մենք բաց ենք Աստծո նպատակների առաջ և հնազանդվում ենք Նրա կամքին, Տերն առատորեն լցնում է մեր սրտերն ուրախությամբ և գոհունակությամբ։
Ինչպե՞ս կարող ենք ծառայել Աստծուն՝ օգտակար լինելով կարիքի մեջ գտնվող մարդկանց։
Աղոթք – Տե՛ր, բացի՛ր իմ սիրտը, որպեսզի ճանաչեմ կամքդ և ծառայեմ Քո առաջնորդությամբ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 1-3, Մատթեոս 14. 1-21