.
2026թ., Հունվարի 23

Հռոմեացիներին 9. 22-29                                                                      Ուրբաթ   |   Հունվար 23

 

 

Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։ Ես․1․9

 

ԿԵՆԴԱՆԻ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

 

Չարլզ Ջոֆինը նավաստի էր դարձել տասնմեկ տարեկանից։ Նա մի շարք նավերում ծառայել էր որպես հացթուխ, իսկ 1912 թվականին աշխատանքի էր անցել Սաութհեմփթոնից մեկնող զբոսանավում: Այդ նավը՝ տխրահռչակ «Տիտանիկ» անվամբ,  բախվեց սառցաբեկորի և սկսեց խորտակվել։ Ջոֆինն օգնում էր մարդկանց բարձրանալ փրկարարական նավակներ։ Երբ նավն ուղղահայաց դիրքով սկսեց սուզվել ջրի մեջ, նա կանգնած էր ետնամասում և հաջողվեց հրաշքով ողջ մնալ։

Երեսուն տարի անց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ջոֆինը գտնվում էր մեկ այլ նավի՝ «Օրեգոնի» վրա։ Թշնամական նավի հետ բախումից հետո «Օրեգոնը» նույնպես խորտակվեց, բայց Ջոֆինը կրկին ողջ մնաց։

Ըստ Աստվածաշնչի՝ մենք բոլորս գտնվում ենք խորտակվող նավի վրա։ Պողոսը գրում է. «Բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից» (Հռոմ․ 3․23)։ Նա խոսում է ապստամբ Իսրայել ազգի մասին և մեջբերում Եսայի մարգարեությունից. «Եթե Զորությունների Տերը թողած չլիներ մեզ վերապրող, կլինեինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին» (Ես․ 1․9)։ Եսային Իսրայելի մասին աղաղակում է. «Իսրայելի որդիների թիվը թեկուզ ծովի ավազի չափ շատ լինի, միայն մնացորդը կփրկվի» (Հռոմ․ 9․27)՝ հավատով ընդունելով Աստծո Խոսքը: «Բայց բոլորը չէ, որ Ավետարանին հնազանդ եղան» (Հռոմ. 10.16)։ Իսրայելի նման, մենք բոլորս խեղդվում ենք մեղքի մեջ։ Մեզնից ոչ ոք չի կարող փրկվել, եթե չընդունենք Բարի լուրը։ Աստծո կողմից մեզ ուղարկված փրկարար նավակը Տեր Հիսուսն է։

Մենք՝ հավատացյալներս, պետք է ավելի հաճախ հիշենք այն զարմանալի ճշմարտությունը, որ Աստծո շնորհով մենք փրկվածների շարքում ենք։ Եվ եթե դեռ տատանվում ենք կյանքի մշուշոտ ջրերում, շտապե՛նք բարձրանալ Քրիստոսի փրկարար նավակը։

 

Արդյո՞ք ծանոթ  է այն զգացողությունը՝ կարծես խեղդվում եք մեղքի մեջ։

Ինչո՞ւ Աստված «փրկարար նավակ» ուղարկեց։

 

Աղոթք – Տե՛ր, գիտեմ, որ բազմաթիվ մեղքեր ունեմ։ Օգնի՛ր ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես Քո փրկության պարգև։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 7-8, Մատթեոս 15. 1-20