Ա Հովհաննես 4․7-12 Կիրակի | Հունվար 25
Եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Ա Հովհ․ 4․12
ՏԱՐԱԾԵ՛Ք ԱՍՏԾՈ ՍԵՐԸ
Երեք երեխա ունենալուց հետո Ջեսը զգաց, որ կորցնում է ինքնությունը։ Այդ զգացողությունը նրան մղեց կազմել երգչախումբ իր բնակավայրի՝ Հարավային Ուելսի բնակիչներից։ Նա հրավիրեց նաև մի քանի քրիստոնյա ընկերների՝ ջերմ և հյուրընկալ մթնոլորտ ստեղծելու համար։ «Մենք չէինք գովազդում մեր հավատը, - հիշում է նա, - բայց երեկոյի ավարտին գրեթե բոլորը մեր վարքագծից հասկացան, թե ովքեր ենք»։
Ջեսը ոգևորված էր՝ տեսնելով, որ Քրիստոսի լույսը շողում էր իր ընկերների միջոցով, բայց առավել մեծ ուրախություն ապրեց մի քանի ամիս անց, երբ սուրճ էր խմում երգչախմբի անդամներից մեկի հետ։ Անսպասելիորեն նրա նոր ընկերուհին հայտարարեց, որ որոշել է քրիստոնյա դառնալ։ Ջեսը զարմացած հարցրեց, թե ինչպես է նրան հասել Ավետարանի Բարի լուրը։ «Ամիսներ առաջ քո կողմից կազմակերպված երեկոյի ընթացքում նայում էի քեզ և մյուսներին», - պատասխանեց նա,- ես տեսա ձեր սերը միմյանց հանդեպ»։ Հետագայում Ջեսը հիացմունքով հետևում էր, թե ինչպես է աստիճանաբար փոխվում նրա կյանքը։
Աստծո ամենուրեք թափանցող սերը գործում է նրանց կյանքում, ովքեր հետևում են Քրիստոսին, անգամ երբ դա նույնիսկ չեն գիտակցում, ինչպես Ջեսի ու նրա ընկերների դեպքում։ Հովհաննես առաքյալն իր հոգևոր առաջնորդության ներքո գտնվողներին հիշեցնում է. «Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է» (Ա Հովհ․ 4․12)։ Երկնային Հայրն Իր սերը թափում է մեզ վրա (հ․ 7): Աստծո Հոգին նույնպես գործում է մեր մեջ և դրսևորվում մեր միջոցով։
Ի՞նչ միջոցներով է Տերը գործել մեր կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք Նրա սերը հայտնել ուրիշներին:
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ գործում ես իմ միջոցով նույնիսկ այն պահերին, երբ լիովին չեմ գիտակցում Քո ներկայությունն իմ մեջ։ Օգնի՛ր, որ կյանքս մշտապես արտացոլի Քո սերն ու լույսը։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 12-13, Մատթեոս 16