.
2026թ., Հունվարի 26

Հովնան 2. 1-2, 7-10, 3. 1-5                                                             Երկուշաբթի   |   Հունվար 26

 

 

Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։ Հովն․ 2․1

 

ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹՅՈՒՆ

 

Կիրակնօրյա դպրոցում աստվածաշնչյան դասի ընթացքում համբերությունս սպառվեց։ Երեք տարեկան Փիթերը լիովին անկառավարելի էր. նա անդադար շարժվում էր, խանգարում մյուս երեխաներին և համառորեն հրաժարվում էր լսել, նույնիսկ այն դեպքում, երբ նրան առաջարկում էինք ամենագեղեցիկ ու հետաքրքիր խաղալիքները։ Ես սկսեցի կորցնել ինքնատիրապետումս։ Մի պահ նույնիսկ մտածեցի, որ եթե նա շարունակի այդպիսի վարքագիծ դրսևորել, կտեղեկացնեմ ծնողներին, որ այլևս  չի հաճախի դպրոց։

Հետո անդրադարձա, որ իմ ցուցաբերած պատրաստակամությունն ունենում է իր պայմանները։ Օրինակ, երբ ինչ-որ մեկն անտեսում է իմ խորհուրդը կամ հրաժարվում իմ օգնությունից, ես պարզապես համարում եմ, որ նա արժանի չէր այդ ամենին։ Բարեբախտաբար, Աստված մեզ հետ նման կերպ չի վարվում։ Հովնան մարգարեն զգաց Նրա մեծ ողորմածությունը համառ անհնազանդության շրջանից հետո։ Աստված հրամայեց նրան քարոզել Նինվեում, սակայն Հովնանը համառորեն ընտրեց հակառակ ուղղությունը։ Նրա նստած նավը սարսափելի փոթորկի մեջ ընկավ, և Հովնանը հայտնվեց նախ ջրի, ապա՝ հսկայական ձկան փորի մեջ։ Բայց երբ նա վերջապես աղոթեց Աստծուն (Հովն․ 2․ 1), Տերը լսեց նրան և ներեց։ Աստված Հովնանին հանեց ձկան փորից և նրան երկրորդ հնարավորություն տվեց ճանապարհորդելու դեպի Նինվե (Հովն․ 3․1)։

Փոքրիկ Փիթերին հանգստացրեց կարճատև այցելությունն առանձին խաղահրապարակ. մի պարզ գաղափար, որն առաջարկեց իմ օգնականը, ով ինձնից ավելի համբերատար գտնվեց։ Որքա՜ն հրաշալի է Աստծո այն կարեկցանքը, որը մեզ փնտրում է՝ չնայած մեր բոլոր արարքներին։

 

Ինչո՞ւ է մեզ համար երբեմն դժվար ողորմություն ցուցաբերել ուրիշների հանդեպ։ Եղե՞լ են դեպքեր, որ մտածել ենք Աստծո սերը հասնում է նրանց, ովքեր կարծես արժանի չեն դրան։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ինձ սիրում ես այսքան զարմանալի սիրով։

Սովորեցրո՛ւ ինձ սիրել ու վարվել նույն կերպ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 14-15, Մատթեոս 17