Սաղմոսներ 31. 13-18 Երեքշաբթի | Հունվար 27
Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։
Սաղմ․ 31․24
ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏՔԻ ՄԵՋ
Քրիստինի կրտսեր որդին մահացավ քաղցկեղից, երբ ընդամենը յոթ տարեկան էր։ Երեք տարի անց նրա ավագ որդու մոտ ախտորոշվեց անբուժելի հիվանդություն։ Անհավատ ընկերները սգում էին նրա հետ, բայց չէին կարողանում հասկանալ, թե ինչու է նա շարունակում վստահել Քրիստոսին։ «Ինչպե՞ս կարող էր քո Աստված թույլ տալ այս ամենը։ Ինչպե՞ս ես շարունակում հավատալ Նրան»։
Քրիստինի համար այդ դժվարությունները դարձան ավելի խոր հավատքի առիթ և նմանատիպ հարցերին նա խոնարհությամբ պատասխանում էր. «Ես չեմ հասկանում, թե ինչու է այս ամենը կատարվում, բայց վստահ եմ, որ Աստված կօգնի մեզ դիմակայել ամեն ինչին։ Միայն Նա կարող է մեզ պարգևել այն հույսը, որը մեզ թույլ է տալիս շարունակել ապրել»։
Այս նույն հույսը զորացրեց Դավիթ թագավորին, երբ նա հայտնվեց ծանր իրավիճակում։ Շրջապատված լինելով իր մահը փնտրող թշնամիներով` նա, հավանաբար, չէր կարողանում հասկանալ, թե ինչու էր այս ամենը կատարվում իր հետ։ Այնուամենայնիվ, նա գիտեր, որ կարող է ապավինել Աստծուն, Ով ազատում և օրհնում է Իր ժամանակին (Սաղմոս 31.15-17): Այս հույսն օգնեց Դավթին հնազանդվել Աստծուն` ասելով. «Իմ ժամանակը քո ձեռքին է» (հ․ 15) և հույսով ոգեշնչված՝ քաջալերել նաև ուրիշներին. «Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա» (հ․ 24)։
Երբ ճնշված ենք և թվում է, թե այլևս հույս չկա, եկե՛ք ավելի ամուր կառչենք Աստծուց և այն կենդանի հույսից, որը միայն Նա կարող է պարգևել։
Ի՞նչ է մեզ անհրաժեշտ փորձությունների դեմ համառորեն պայքարելու համար։ Ինչպե՞ս կարող է Աստծո հույսի խոստումը մեզ ուրախություն և ուժ տալ նույնիսկ դժվար հանգամանքներում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու գիտես իմ դժվարություններն ու կասկածները։
Զորացրո՛ւ հավատքս, որպեսզի շարունակեմ առաջ շարժվել՝ հույսս դնելով Քեզ վրա։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 16-18, Մատթեոս 18. 1-20