.
2026թ., Հունվարի 28

Գործք Առաքելոց 12․1-17                                                             Չորեքշաբթի   |   Հունվար 28

 

 

Պետրոսը պահվում էր բանտում, բայց եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն։ Գործք 12․5

 

ԱՂՈԹՔ ԱՆՀՆԱՐԻՆԻ ՀԱՄԱՐ

 

Չինական բանտում հայտնվելով՝ Թիմը հուսահատությունից լաց էր լինում։ Առաջին անգամ, երբ նա փախավ Հյուսիսային Կորեայից, նրան պարզապես բռնի կերպով վերադարձրին տուն։ Նա հստակ գիտեր, որ այս անգամ վերադառնալու դեպքում կկանգնի հրապարակային մահապատժի առջև։ Հարավկորեացի հանցավոր խմբի մի անդամ իր խցում խղճաց երիտասարդին, տվեց նրան Աստվածաշունչ և սովորեցրեց աղոթել. «Դու պարզապես ասա Աստծուն այն, ինչ ուզում ես, և վերջում ասա՝ «Ամեն»»։

Թիմը սկսեց աղոթել անծանոթ Աստծուն՝ անհնարին թվացող փրկության համար։ Եվ Աստված պատասխանեց նրա աղոթքին երկու դեսպանների միջոցով, ովքեր նրան փրկեցին անխուսափելի մահից՝ ուղարկելով նրան Ֆիլիպիններ՝ Հյուսիսային Կորեայի փոխարեն։ Իր փրկության համար երախտապարտ լինելով՝ Թիմն այդ ժամանակվանից ի վեր ծառայում է Աստծուն՝ պայքարելով մյուս բանտարկյալների արդարադատության համար։

Երկու հազար տարի առաջ Պետրոս առաքյալը նույնպես բանտարկվեց, չնայած ոչ մի հանցանք չէր գործել։ Նրա մահը Հերովդեսի ձեռքով անխուսափելի կթվար, եթե չլիներ մեկ կարևոր փաստ. «Եկեղեցին նրա համար անդադար աղոթում էր Աստծուն» (Գործք 12․5):

Փրկությունն այնքան անհավանական էր թվում, որ երբ Աստված պատասխանեց նրանց աղոթքին և Պետրոսին ազատեց բանտից, աղոթքի համար հավաքված հավատացյալները դժվարանում էին հավատալ, որ Պետրոսը կենդանի է  (հ․ 15):

Երբ մենք հայտնվում ենք անհույս իրավիճակներում, հաճախ կարող ենք գայթակղվել ու հուսահատվել։ Բայց Աստված այսօր էլ հրաշքներ է գործում և մենք կարող ենք համարձակորեն մոտենալ Նրա գահին՝ անհնարինի համար աղոթելով։

 

Ի՞նչ անհույս իրավիճակի կարող ենք բախվել այսօր։ Որո՞նք են այն ցանկությունները, որ կարող ենք անկեղծորեն բերել Աստծո առաջ՝ Նրա օգնությունը խնդրելով:

 

Աղոթք – Հա՛յր, աշխարհը լի է հուսահատությամբ, բայց ես մոտենում եմ Քեզ վստահությամբ։ Օգնի՛ր ինձ ապրել հույսով և քո զորությամբ ապրել ամեն օրը։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 19-20, Մատթեոս 18. 21-35