Հռոմեացիներին 5․1-78 Հինգշաբթի | Հունվար 29
Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ: Հռոմ․ 5․5
ԴՈՄԻՆՈՅԻ ՍԿԶԲՈՒՆՔ
Մի անգամ ընկերներիս հետ հեռուստահաղորդում էինք դիտում, որտեղ ցուցադրվում էր դոմինոյի քարերի շղթայական անկման համաշխարհային ռեկորդ սահմանելու փորձը։ Շունչներս պահած հետևում էինք, թե ինչպես էին հարյուր հազարավոր դոմինոներ մեկը մյուսի հետևից ընկնում: Վերջապես, հանդիսատեսի բարձր ծափահարությունների ներքո, հաղթողը սահմանեց նոր ռեկորդ։ Սակայն այդ ամբողջ հիասքանչ շղթան երբեք չէր սկսվի, եթե առաջին դոմինոն չընկներ։
Պողոսը առաքյալը՝ Հռոմեացիներին ուղղված իր նամակում ասում է, որ մենք «նեղությունների մեջ ենք պարծենում» (Հռոմ. 5.3): Ի՞նչ նկատի ունի նա։ Արդյոք պետք է ուրախանա՞նք մեր դժվարություններով։ Իհարկե՛ ոչ։ Սակայն կարող ենք ուրախություն զգալ տառապանքների մեջ, որովհետև դրանք մեզ հնարավորություն են տալիս ճանաչելու մի հրաշալի բան, որը կօգնի մեզ անցնել ցավի միջով մինչև վերջ։ Սա է Պողոսի նկարագրած «դոմինոյի էֆեկտը»։
Առաջին ընկնող դոմինոն նեղությունն է (հ․ 3), որը կարող է անիմաստ թվալ, մինչև չհասկանանք, որ այն մեր մեջ համբերություն է կերտում (հ. 4): Իսկ համբերությունը՝ փորձառություն: Այնուհետև, երբ մեր մեջ ձևավորվում է Աստծուն հաճելի բնավորություն, մենք վստահություն ենք ձեռք բերում, որ Աստծո խոստումներն անպայման կկատարվեն (հ․ 4): «Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ» (հ․ 5): Եվ երբ մեր կյանքի վերջին դոմինոն ընկնի երկնային ծափահարությունների ներքո, մենք կհասկանանք, թե ինչու պետք է ընկներ առաջին դոմինոն:
Ի՞նչ դասեր ենք քաղել մեր կյանքի ցավալի փորձառություններից։
Ինչպե՞ս է Աստված վստահեցրել մեզ Իր սիրո մեջ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ների՛ր այն պահերի համար, երբ կասկածել եմ Քո սիրուն։ Ամրացրո՛ւ իմ հավատը և օգնի՛ր չկորցնել հույսս Քո հանդեպ՝ անկախ բոլոր հանգամանքներից։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 21-22, Մատթեոս 19