Առակներ 6․1-11 Ուրբաթ | Հունվար 30
Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր: Առ․ 6․6
ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ես ամեն օր մեր շանը՝ Ուինսթոնին, դուրս եմ տանում զբոսանքի: Իմ պատկերացմամբ՝ նա պետք է վազի, ուրախանա, իսկ իր պատկերացմամբ՝ ամեն բան պետք է հոտոտի ու ուսումնասիրի: Դա «զբոսանք» անվանելը մի փոքր չափազանցություն է։ Ես կանգնած ձանձրանում եմ, իսկ Ուինսթոնը երկար ժամանակ ինչ-որ կույտ է հոտոտում։ Վերջին շրջանում, դժգոհելու փոխարենը, ես աղոթում եմ Աստծուն՝ խնդրելով հիշեցնել, որ մեր կյանքն ինչ-որ առումով նման է այդ «զբոսանքին»։ Մենք նույնպես հաճախ երկար ժամանակ նույն տեղում ենք մնում, կրկնում ենք նույն ամենօրյա գործերը, նույն ուղղությամբ ենք շարժվում։ Բայց Աստված որտե՞ղ է այդ պահին։ Նա մեզ հետ է։
Վերջերս կարդացի մի գիրք, որը սովորեցնում է հասկանալ Աստծո ներկայությունը մեր կյանքում՝ անկախ առօրյայից և ռեժիմից։ Այն ինձ ոգևորեց փնտրելու Տիրոջն ամեն ինչում, լինի դա տան գործ, խանութ գնալ կամ շանը զբոսանքի տանել։
Սողոմոնն իր առակներում ընթերցողների ուշադրությունը կենտրոնացնում է սովորական մրջյունների վրա և գտնում դրա մեջ աշխատասեր լինելու գեղեցիկ օրինակ. «Մրջյունի մո՛տ գնա, ո՛վ ծույլ, նրա ճանապարհները տե՛ս և իմաստո՛ւն եղիր» (Առ․ 6․6)։ Մրջյունի կյանքը միապաղաղ է և լի քրտնաջան աշխատանքով, սակայն Աստված այն մեզ համար օրինակ է բերում (հ․ 7-8)։
Մենք չպետք է մեր հարաբերությունն Աստծո հետ բաժանենք «հոգևոր» ժամանակահատվածների, ինչպիսիք են աղոթելը կամ եկեղեցի հաճախելը, և «ոչ հոգևոր» ժամանակահատվածների։ Եթե մենք հավատարմորեն հետևենք Նրա կամքին, Տերը թույլ կտա մեզ տեսնել Նրա ձեռքի գործն ամեն օր։
Ե՞րբ է Աստված օգտագործել ինչ-որ սովորական բան, որպեսզի մեզ օգնի ավելի լավ ճանաչել Իրեն: Ի՞նչ առօրյա բաներում է Նա կոչ անում մեզ հավատարիմ լինել:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ հիշեցնում ես ինձ, որ ներկա ես իմ կյանքի յուրաքանչյուր օրվա մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 23-24, Մատթեոս 20. 1-16