.
2026թ., Հունվարի 31

Եսայի 26. 1-5                                                                                          Շաբաթ   |   Հունվար 31

 

 

Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Ես․ 26․3

 

ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ ԱՍՏԾՈ ՎՐԱ

 

Իմ աշխատակիցներից մեկը երեկոյան զանգահարեց՝ ինչ‑որ հարց քննարկելու։ Զրույցի ընթացքում նա հետաքրքրվեց իմ որպիսությամբ։ Ես անկեղծորեն խոստովանեցի, որ տանջվում եմ ցավոտ սինուսիտից, և դեղորայքն առայժմ արդյունք չի տալիս, որին ի պատասխան նա հարցրեց. «Կարո՞ղ եմ աղոթել քեզ համար»։ Ես համաձայնեցի, և նա կարճ աղոթք բարձրացրեց իմ ապաքինման համար։ «Գիտե՞ս, մոռացել էի աղոթել», - ցավով խոստովանեցի ես,- ես ամբողջությամբ կենտրոնացած էի իմ ցավի վրա, շնորհակալ եմ, որ հիշեցրիր»։

Իմ խոստովանությունը ստիպեց մտածել այն մասին, թե ինչն է ավելի շատ զբաղեցնում իմ մտքերը՝ դժվարություններն ու խնդիրները, թե՞ Աստված

Եսայի մարգարեն հիշեցնում է, որ մեր երկնային Բժշկի վրա կենտրոնանալը մեզ ներքին խաղաղություն է բերում. «Հաստատուն միտք ունեցողին Դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել» (Ես․ 26․3): Չնայած ցավը կարող է մեզ ուղեկցել երկար ժամանակ, նույնիսկ հավիտյան, Եսայի մարգարեն մեզ հորդորում է. «Հավիտյան Տիրո՛ջը վստահեք» (հ․ 4): Նա հավատարիմ է և կարող է մեզ ապահովել այն ամենով, ինչ մեզ անհրաժեշտ է։

Իր խոսքերով մարգարեն իսրայելացիներին հիշեցրեց Աստծո խոստումների մասին։ Եթե նրանք կառչեն Տիրոջից և վստահեն Նրա խնամքին ու պաշտպանությանը (հ․ 1-2), նրանք կրկին գովաբանության երգեր կերգեն Նրան։ Բայց Եսայի մարգարեի խոսքերը նաև մեզ համար են։ Անկախ նրանից, թե ինչ ցավ ենք զգում, մենք նույնպես կարող ենք մխիթարություն գտնել, եթե վստահենք Աստծուն և կանչենք Նրան։

 

Ինչի՞ վրա ենք սովորաբար կենտրոնացնում մեր մտքերը։ Ինչպե՞ս կարող ենք մեր մտահոգությունները վերածել աղոթքի և գովասանքի։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ մտքերս կենտրոնացած պահել Քեզ վրա՝ անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում եմ հայտնվում։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 25-26, Մատթեոս 20. 17-34