Փիլիպպեցիներին 1. 3-11 Կիրակի | Փետրվար 1
Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Փիլ․ 1․6
ՄՆԱՅՈՒՆ ՍԵՐ
Քրիստոնեական ամառային ճամբարի վերջին երեկոյի ընթացքում իմ հասակակիցներից մեկն ինձ ծաղրեց և նվաստացրեց։ Ես վազեցի վրան ու սկսեցի լաց լինել, իսկ երբ առաջնորդս եկավ ինձ որոնելու, ձևացրի, թե քնած եմ։ Հաջորդ առավոտ նա փորձեց խոսել ինձ հետ, սակայն ես լուռ մնացի։ Որոշ ժամանակ անց նամակ ստացա նրա կողմից, որտեղ գրված էր, որ Աստված սիրում և հոգ է տանում իմ մասին։ Նա մեջբերել էր Պողոս առաքյալի խոսքերը. «Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլ. 1․6): Ինձ թվում էր, թե այդ խոսքերը հենց ինձ են ուղղված։
Պողոս առաքյալն իրականում գրում էր Փիլիպպեի եկեղեցուն, որը հիմնել էր այդ նամակը գրելուց տասը տարի առաջ։ Նա կոչ էր անում հավատացյալներին աճել Աստծո և միմյանց հանդեպ սիրո մեջ (հ․ 9) և լցվել արդարության պտուղներով Հիսուս Քրիստոսի միջոցով (հ․ 11)։
Այդ ժամանակ ես չէի հասկանում սկզբնական համատեքստը, բայց հասկացա, որ պետք է ընդունեմ Քրիստոսի սերը և ավելի լավ ճանաչեմ Նրան։ Արդյունքում, երբ ճաշակեցի այդ սերը, այլևս այդքան զգայուն չէի մարդկանց խոսքերի հանդեպ։
Տերն իսկապես ցանկանում է, որ Իր սերն աճի մեր մեջ։ Այդ ժամանակ Նա կկատարի Իր բարի գործը մեզանում և կլցնի Իր ուրախությամբ ու խաղաղությամբ։
Ինչպիսի՞ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի ավելի ամուր կառչած մնանք Քրիստոսին։
Աղոթք – Արարի՛չ Աստված, օգնի՛ր, որ Ք ներկայության մեջ փնտրենք իրական սերը, ուրախությունն ու զորությունը։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 27-28, Մատթեոս 21. 1-22