Անգե 2. 1-9 Երեքշաբթի | Փետրվար 3
․․․իմ հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք։ Անգ․ 2․5
ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
«Դե, գոնե հանձնեց», - մտածեց Ջեյմսը՝ պահելով ձեռքում իր դպրոցական որդու թեստը։ Նա օգնում էր նրան մաթեմատիկայի հետ կապված հարցերում, սակայն տնային գործերի և լրացուցիչ աշխատանքի պատճառով վերջին շրջանում դժվար էր ժամանակ գտնել միասին պարապելու համար։ Ջեյմսի կինը վերջերս էր մահացել, և նա ծանր սրտով մտածեց․ «Այո՛, Լիզա, դու, իհարկե, ավելի օգտակար կլինեիր մեր որդուն։ Ես այս հարցում այնքան լավ չեմ, որքան դու էիր»։
Նմանատիպ հուսահատություն, գուցե ավելի մեծ մասշտաբով, հավանաբար ապրեց նաև Հուդայի կառավարիչ Զորաբաբելը, ում Աստված կանչեց Բաբելոնյան գերությունից հետո իսրայելացիներին առաջնորդելու տաճարի վերակառուցման գործում։ Երբ նրանք հիմքը դրեցին, «շատերը, որոնք տեսել էին նախկին տունը … բարձրաձայն լալիս էին» (Եզր․ 3․12)։ Սողոմոնի փառահեղ տաճարի համեմատ այդ համեստ կառույցին նայելով՝ բոլորը, այդ թվում նաև Զորաբաբելը, ակամայից մտածեցին․ «Այո՛, մեր տաճարը այնքան լավը չէ, որքան այն…»։
Սակայն Աստված խոսեց Անգե մարգարեի միջոցով՝ ասելով. «Զորացի՛ր, ո՛վ Զորաբաբել ... զորացի՛ր, երկրի ո՛ղջ ժողովուրդ ․․․ իմ Հոգին մնում է ձեր մեջ, մի՛ վախեցեք» (Անգ․ 2․4-5): Արարիչը պահեց Իր ուխտը ժողովրդի հետ, Նա ներկա էր նրանց մեջ և առաջնորդում էր: Ավելին, Աստված խոստացավ. «Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից» (հ․ 9)՝ մատնանշելով այն ժամանակը, երբ Տեր Հիսուսը կվերադառնար տաճար (Հովհ․ 2․13-25):
Մենք նույնպես կարող ենք հիասթափվել՝ համեմատելով մեր ներկայիս արդյունքներն անցյալի հետ։ Բայց եկե՛ք կենտրոնանանք Տիրոջ վրա։ Ի վերջո, այս ամենը Նրա գործն է և Նրա փառքը։ Նա կիրականացնի այն, ինչ Իրեն է հաճելի։
Ի՞նչ առաջադրանք ունենք այսօր՝ Աստծո կողմից մեզ հանձնարարված։ Ինչպե՞ս կարող ենք մեր կենտրոնացումը պահել Նրա վրա։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր կատարել այն գործը, որի համար կանչել ես։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 31-33, Մատթեոս 22. 1-22