.
2026թ., Փետրվարի 4

Բ Կորնթացիներին 5․1-10                                                           Չորեքշաբթի   |   Փետրվար 4

 

 

․․․ այս վրանի տակ եղողներս, ծանրություն կրելով հառաչում ենք: Բ Կորնթ․ 5․4

 

ԵՐԿՐԱՅԻՆ ԽՐՃԻԹ

 

Հայրս ընդհանրապես չէր սիրում արշավների գնալ, առավել ևս՝ գիշերել վրանում։ Մի անգամ ես երկար, անքուն գիշեր անցկացրի արշավի ժամանակ։ Ուժեղ քամին անխնա թափահարում էր վրանը՝ անձրևի հեղեղները թափելով դրա վրա։ Այդ օրը ես հասկացա հորս բացասական վերաբերմունքի պատճառը: Սակայն ես նաև հասկանում եմ իմ բազմաթիվ ընկերների ուրախությունն ու զգացողությունները, ովքեր սիրում են արշավներ։ Ազատություն՝ գնալ որտեղ կցանկանաս,  խարույկի շուրջ ուտելիք պատրաստել և նայել գիշերային աստղազարդ երկնքին։ Չնայած նույնիսկ ամենափորձառու ճանապարհորդները  խոստովանում են, որ ցանկացած վրան ի վերջո մաշվում է, կորցնում իր ջրամեկուսացումը և կարիք ունի նորով փոխարինվելու։

Պողոս առաքյալը՝ Կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում մեր երկրային մարմիններն անվանում է «խրճիթ», բառացիորեն՝ վրան։  Նման ոչ ամուր կացարանում գտնվելով՝ «ծանրություն կրելով հառաչում ենք» (հ․ 4)։ Ինչպես վրանները, մեր երկրային մարմինները նույնպես ստիպված են դիմակայել դաժան, երբեմն ծայրահեղ պայմաններին ու մի օր պարզապես մաշվել։ Հետևաբար, Պողոսի նման, մենք էլ ենք ցանկանում «երկնային բնակությունը հագնել» (հ․ 2)՝ վերականգնված, փառավոր մարմիններով։ Սա «անձեռագործ հավիտենական մի տուն է» (հ․ 1), որի համար Աստված ստեղծեց մեզ և «տվեց նաև Հոգու առհավատչյան» (հ․ 5)։

Անկախ նրանից՝ հառաչում ենք, թե վայելում կյանքի ուրախությունները, ամուր դիմադրում ենք փոթորկին, թե արագ մաշվում, Պողոս առաքյալը հորդորում է մեզ ապրել հավատով, որ մի օր կգնանք «Տիրոջ մոտ» (հ․ 8)։ Այն ժամանակ «մահկանացու մարմինը կյանքի մեջ կընկղմվի» (հ․ 4)։

 

Ինչպե՞ս է հավերժական տան հույսն անդրադառնում մեր ներքին վիճակի վրա։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ ենք Սուրբ Հոգուդ և հավիտենական կյանքի հույսի համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 34-35, Մատթեոս 22. 23-46