Եբրայեցիներին 4. 1-4, 6-7, 9-11 Հինգշաբթի | Փետրվար 5
Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի ոչ ոք անհնազանդության նման օրինակով չընկնի։ Եբր․ 4․11
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՀԱՆԳԻՍՏ
Հինգ տարեկան Միան հրավիված էր ընկերուհու ծննդյան տարեդարձին։ Աղջնակը մեծ հաճույքով խաղում էր, երգում «Ծնունդդ շնորհավոր» երգը, ուտում տոնական տորթը և նայում, թե ինչպես է ընկերուհին բացում նվերները։ Վերջապես երեկույթն ավարտվեց։ «Մայրի՛կ, ես պատրաստ եմ, կարող ենք գնալ», - ասաց Միան։ Նրանք շնորհակալություն հայտնեցին հրավերի համար, նստեցին մեքենան և ուղևորվեցին տուն գնացին։ Ճանապարհին Միայի մայրը հարցրեց դստերը, թե ինչը նրան ամենաշատը դուր եկավ։ «Այս պահը, երբ տուն ենք գնում», - պատասխանեց նա ժպտալով։
Նույնիսկ երբ մենք չենք զգում մեր հոգնածությունը, մեզնից յուրաքանչյուրին անհրաժեշտ է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան հանգիստ։ Իսկ Աստված մեզ պարգևում է Իր երկնային հանգիստը, երբ մենք ընդունում ենք Քրիստոսի միջոցով տրված փրկության Ավետիսը և ապրում ենք հավատքով։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հույսը դնում են Աստծո վրա, կարող են վստահ լինել Նրա մշտական ներկայությանը, անսահման զորությանը և անփոփոխ խոստումներին։ Քրիստոսի խաչելության շնորհիվ փրկված լինելով՝ մենք կարող ենք լինել Նրա հանգստի մեջ (Եբր․ 4․1-4)։ Իսկ երբ Տերը կրկին գա, այն հանգիստը, որը հիմա զգում ենք մասնակիորեն, կդառնա մեր հավիտենական ժառանգությունը (հ․ 5-8)։ «Նրա հանգստի մեջ մտնողն ինքն էլ է իր գործերից հանգստանում» (հ․ 10)։ Ուստի, Քրիստոսով փրկված լինելով՝ մենք կարող ենք ապրել հույսով լի կյանքով՝ սիրով հնազանդվելով և ամեն ինչում ապավինելով Նրան։ Միայն Նա կարող է մեզ տալ ճշմարիտ հանգիստ՝ երեկ, այսօր և հավիտյան։
Ինչպե՞ս է Քրիստոսի հանդեպ հավատն օգնում մեզ ձեռք բերել փրկության հանդեպ վստահություն: Ի՞նչն է անցյալում խանգարել մեզ հանգիստ գտնել Աստծո խոստումների մեջ։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ իմ խաղաղությունն ու հանգիստը կարող եմ գտնել Քո շնորհով ու ներկայությամբ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 36-38, Մատթեոս 23. 1-22