.
2026թ., Փետրվարի 6

Զաքարիա 4. 1-10                                                                                  Ուրբաթ   |   Փետրվար 6

 

 

Որովհետև ո՞վ է փոքր բաների օրն անարգում. պիտի ուրախանան, երբ Զորաբաբելի ձեռքում տեսնեն կապարագունդը, սրանք յոթն էլ Տիրոջ աչքերն են, որոնք շրջում են ամբողջ երկրում։ Զաք․ 4․10

 

ՓՈՔՐԻԿ ՍԿԻԶԲ

 

1848 թվականին ինժեներ Չարլզ Էլեթը մտահոգված էր, թե ինչպես կառուցել Նիագարայի ջրվեժի ձորը հատող առաջին կամուրջը և ինչպե՞ս մալուխն անցկացնել մյուս կողմը։ Հարցի պատասխանը նա գտավ երազի միջոցով։ Չարլզը որոշեց անցկացնել օդապարուկ թռցնելու մրցույթ։ Մրցույթում հաղթեց մի դեռահաս, ով իր օդապարուկն իջեցրեց հակառակ ափին։  Օդապարուկի լարն ամրացրին ծառին, ապա դրա միջոցով գետի վրայով ձգեցին թեթև պարան, այնուհետև՝ մալուխ, և վերջապես՝ հաստ մետաղական լար։ Այսպես մեկնարկեց Նիագարայի ջրվեժի վրայով կախովի կամրջի կառուցման գործընթացը։

Կամրջի կառուցման ընթացքում հանդիպած դժվարությունները և դրա համեստ լուծումներն ինձ հիշեցնում են այն պայմանները, որոնց մեջ հայտնվեցին հրեաները՝ Աստծո տաճարի վերակառուցման ժամանակ Բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո։ Հրեշտակը Զաքարիային լուր բերեց, որ այդ գործը պետք է կատարվի «ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով» (Զաք. 4․6)։ Ոմանք, ովքեր տեսել էին տաճարն իր նախկին փառքով, հուսահատվեցին՝ շինարարության համեստ սկիզբը տեսնելով (Եզր․ 3․12)։ Սակայն հրեշտակը Զաքարիային ասաց, որ չպետք է «անարգել այդ օրը», քանի որ Ինքը՝ Աստված, ուրախությամբ է նայում, երբ տեսնում է «շինարարական կապարագունդը Զորաբաբելի ձեռքում» (Զաք. 4․10)։

Թեև Աստծո կողմից մեզ վստահված գործերը երբեմն կարող են փոքր ու աննշան թվալ, եկե՛ք քաջալերվենք այն գիտակցմամբ, որ Նա կարող է օգտագործել անգամ օդապարուկի մի պարզ լար Իր մեծ գործերն իրականացնելու համար։

 

Արդյո՞ք քաջալերված ենք զգում, երբ գիտակցում ենք, որ Աստծո գործերը հաճախ սկսվում են փոքր բաներից։ Ինչպե՞ս կարող ենք վստահել Նրա հավատարմությանը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ հավատարիմ ես Քո ծրագրերին։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ելք 39-40, Մատթեոս 23. 23-39