Սաղմոսներ 100 Շաբաթ | Փետրվար 7
Գոչեցե՛ք Տիրոջը, ո՛վ ամբողջ երկիր։ Սաղմ․ 100․1
ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ
Երիտասարդ քրիստոնյա լինելով՝ հովիվ Ջոն Փայփերը պայքարում էր այն թվացյալ հակասության դեմ, որը գոյություն ուներ երջանկության ձգտման և Աստծո փառքի համար ապրելու պատվիրանի միջև։
Մի օր նա ընթերցեց Քլայվ Լյուիսի խոսքերը, որոնք փոխեցին նրա ընկալումը երջանկության մասին։ «Փառքի մասին ամենաակնհայտ փաստը՝ լինի դա Աստծո, թե որևէ մեկի փառքը, ինչ-որ տարօրինակ կերպով վրիպել էր իմ ուշադրությունից։ Ես փառքը պատկերացնում էի որպես գովասանք, հավանություն կամ պատվի արժանացում։ Սակայն երբեք չէի նկատել, որ փառքը կապված է հաճույքի հետ։ Մենք գովաբանում ենք այն, ինչը մեզ ուրախություն է պարգևում՝ ուտեստներ, արվեստագետներ, մեքենաներ, ձիեր»։
Փայփերը գիտակցեց, որ «քանի որ Աստված անսահման հաճելի է», Նրան փառաբանելու կոչը «լիակատար և հավիտենական երջանկության կոչ է»։
Սաղմոսերգուն կոչ է անում մեզ ծառայել Տիրոջն «ուրախությամբ» (Սաղմ․ 100․2): Ի՞նչն էր նրան ուրախություն պարգևում։ Վստահությունը, որ «Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք» (հ․ 3)։ Աստված մեզ հետ հաստատել է յուրահատուկ կապ։ Անսահման Տիեզերքի Արարիչը հոգ է տանում Իր ժողովրդի մասին։ Մենք «նրա արոտի ոչխարներն» ենք (հ․ 3)։
Գովաբանությունն ու երկրպագությունը պարզապես մեր պարտականությունները չեն, այլ Տիրոջ հանդեպ մեր ուրախությունն արտահայտելու միջոցը, երբ մենք երջանկություն ենք գտնում Նրա էության մեջ։ «Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը, և նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ» (հ․ 5)։
Ինչպե՞ս ենք սովորաբար արտահայտում մեր ուրախությունն Աստծո առաջ։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ երջանկություն գտնել Քեզ ճանաչելու մեջ։ Թող իմ ուրախությունը դառնա Քեզ ուղղված անդադար փառաբանություն։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 1-3, Մատթեոս 24. 1-28