.
2026թ., Փետրվարի 10

Հռոմեացիներին 6. 4-12                                                                Երեքշաբթի   |   Փետրվար 10

 

 

Իմացե՛ք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք։ Հռոմ․ 6․6

 

ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

 

Ընկերների հետ խաղալիս Էլայջան պատահաբար պատռեց տասը ֆունտանոց թղթադրամը։ Հայրը զայրանալու փոխարեն առաջարկեց պատռված թղթադրամը փոխանակել իր դրամապանակից վերցված նորի հետ։

«Ինչո՞ւ ես սա անում, հայրի՛կ», - շփոթված հարցրեց Էլայջան։ «Նախ և առաջ դու իմ որդին ես», - բացատրեց հայրը, - «և երկրորդ, սա հիշեցում է այն մասին, թե ինչ արեց Հիսուսը մեզ համար։ Նա մեզ տվեց Իր արդարությունը մեր մեղքերի դիմաց, որպեսզի մենք կարողանանք ապրել նոր կյանքով»։

Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և նմանությամբ, սակայն մեր մեղավոր բնույթը՝ մեր «հին մարդը» (Հռոմ․ 6․6), մեզ խանգարում է ապրել Նրա սրբությանն արժանի կյանքով։ Ուստի Աստված Իր անվերապահ սիրով տվեց Իր միածին Որդուն, Ով կրեց մեր մեղքերի պատիժն Իր վրա։ Նա «խաչեց» մեր հին մարդուն և փոխարենը մեզ տվեց նորը, «որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայենք» (հ․ 6)։ Նախկինում մենք ապրում էինք՝ «ապականված խաբուսիկ ցանկություններով» (Եփ. 4․22), բայց հիմա, ստանալով Աստծո շնորհը, մենք հագել ենք «նոր մարդո՛ւն, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (հ․ 24)։  

Էլայջայի հայրը փոխանակեց թղթադրամները, որովհետև սիրում էր նրան։ Իսկ Աստված մեզ հետ իրականացնում է անչափ ավելի մեծ փոխանակում։ Ընդունելով Նրա պարգևը՝ Հիսուս Քրիստոսի մեջ մենք դառնում ենք նոր մարդ։

 

Ինչպիսի՞ն էր մեր կյանքը նախքան Հիսուս Քրիստոսին մեր անձնական Տեր ու Փրկիչ ընդունելը, և ինչպիսի՞ն է այն հիմա։ 

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ինձ նոր կյանք պարգևեցիր և ազատեցիր մեղքից։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 8-10, Մատթեոս 25. 31-46