Մատթեոս 26. 6-13 Չորեքշաբթի | Փետրվար 11
․․․ նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ Մատթ․ 26․10
ՊԱՏՎԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ
Քսան դոլարանոց թղթադրամ և Քրիստոսի մասին երկու թռուցիկ՝ ահա թե ինչ կար ծրարի մեջ, որն ինձ տվեց մի անծանոթ, երբ ես քայլում էի քոլեջի տարածքով: Ծրարի վրա գրված էր. «Բարության պատահական դրսևորման օր՝ ի հիշատակ Ջոն Դենիելսի»։ Մեկ տարի առաջ Ջոնը մահացել էր ավտովթարից՝ անօթևան մի մարդու օգնելուց և Քրիստոսի սիրո մասին նրան պատմելուց հետո։ Ջոնի թողած ժառանգությունը՝ նրա վկայությունը խոսքերով և գործերով, շարունակում էր ապրել ուրիշների մեջ, այդ թվում՝ այն կնոջ և նրա ընտանիքի մեջ, որին ես հանդիպեցի։
Մատթեոսը պատմում է մեկ այլ կնոջ ժառանգության մասին, որի մասին Տերն Ինքն ասաց. «Որտեղ էլ այս Ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար պիտի պատմվի նաև այն, ինչ նա արեց» (Մատթ․ 26․13): Քրիստոսի հանդեպ սերը մղեց նրան օծել Հիսուսին թանկարժեք յուղով (հ․ 7): Այն, ինչ ուրիշներն ընկալում էին որպես շռայլություն, և դատապարտում կնոջը (հ․ 8-9), Հիսուսն անվանեց «բարի գործ» (հ․ 10): Աստված այդ կնոջ նվիրումն օգտագործեց յուրահատուկ կերպով։ Եվ այսօր էլ Նա նույն կերպ գործակից է դարձնում մեզ՝ Իր նպատակներն իրականացնելու համար։
Իմ ստացած ծրարն ամրապնդեց ցանկությունս՝ Ավետարանը բաժնեկցելու քաղաքի փողոցներում գտնվող մարդկանց հետ։ Սակայն Հիսուս Քրիստոսին պատվելը կարող է դրսևորվել տարբեր ձևերով։ Եկե՛ք պատմենք ուրիշներին Տիրոջ մասին՝ ցույց տալով Նրա սերը գործողությամբ։
Որո՞նք են այն փոքր, բայց կարևոր գործերը, որոնք կարող են ցույց տալ Հիսուսի սերը։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ տեսնել այն բոլոր հնարավորությունները՝ կիսվելու մարդկանց հետ Քո Ավետարանի բարի լուրով և սիրով վերաբերվելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 11-12, Մատթեոս 26. 1-25