Սաղմոսներ 4 Հինգշաբթի | Փետրվար 12
Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ։ Սաղմ․ 4․8
ԱՆԽՌՈՎ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
1985 թվականին իր «Սերնդից սերունդ» գրքում ընտանեկան հոգեթերապևտ Էդվին Ֆրիդմանը հորինեց «անխռով ներկայություն» արտահայտությունը՝ դա բացատրելով այսպես. «Մենք այնքան քրոնիկ անհանգիստ ենք դարձել, որ մեր ամբողջ հասարակությունը հուզականորեն հետընթաց է ապրում»։ Ֆրիդմանը ցույց տվեց, թե ինչպես է անհանգստությունը ներթափանցել մեր կյանքի բոլոր ոլորտներ՝ ընտանիք, աշխատանք և սոցիալական կյանք։ Որպես լուծում՝ նա առաջարկում էր ընթերցողներին դրսևորել «խաղաղություն փոթորկի մեջ»։ Նման վարքագիծը դրական ազդեցություն կունենար շրջապատողների վրա՝ նպաստելով ընդհանուր խաղաղությանը։
Դավիթը գրեց չորրորդ Սաղմոսը, երբ գտնվում էր կյանքի փոթորիկների մեջ։ Նա հայտնվել էր անհանգստության ճնշման տակ և աղաղակում էր. «Լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը» (հ․ 1): Նրա ենթակաները նույնպես վախի մեջ էին: «Բարին ո՞վ ցույց կտա մեզ. բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը, Տե՛ր»,- մեջբերում է Սաղմոսերգուն նրանց խոսքերը (հ․ 6):
Սակայն այս ամենի մեջ Դավիթը որոշեց վստահել Աստծուն, և այդ վստահությունը ստեղծեց «անխռով ներկայությունը»։ «Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ», - գրում է նա։ Այս հանգստության աղբյուրը թաքնված էր Աստծո զորության և հավատարմության մեջ. «Որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ» (հ․ 9):
Եկե՛ք մենք նույնպես մխիթարություն փնտրենք մեր Արարչի հանդարտ ներկայության մեջ։ Եվ ապա Նրա խաղաղությունը տարածենք ամենուր, որտեղ էլ լինենք։
Ի՞նչ անհանգստություններ ունենք այսօր։ Երբևէ զգացե՞լ ենք Աստծո ներկայության մեջ հանգիստ գտնելու բերկրանքը:
Աղոթք – Խաղաղությա՛ն Աստված, միայն Քո մեջ է հանգստանում իմ հոգին։ Օգնի՛ր պահպանեմ այդ խաղաղությունը՝ օրինակ լինելով շրջապատող մարդկանց համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 13, Մատթեոս 26. 26-50