.
2026թ., Փետրվարի 13

Հակոբոս 4. 1-10                                                                                  Ուրբաթ   |   Փետրվար 13

 

 

Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։ Հակ․ 4․7

 

ԶԳՈՒՅՇ ԵՂԵ՛Ք

 

Տարիների պայքարներից և աղոթքներից հետո Ֆրենկը հաղթահարեց խմիչքի հանդեպ կախվածությունը՝ ներկայիս սթափությունը վերագրելով Աստծո շնորհի ազդեցությանը։ Դրա արդյունքում նա նաև մի քանի կարևոր որոշում կայացրեց։ Ֆրենկն այլևս ալկոհոլ չէր պահում տանը, ուշադիր էր իր մտքում հայտնվող վտանգավոր ազդակների նկատմամբ և խուսափում էր որոշ իրավիճակներից։ Նրա հույսն Աստծո վրա էր, բայց նաև հասկանում էր, որ չի կարելի թողնել անգամ չնչին ճեղք մեղքի կամ գայթակղության համար։

«Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա», - զգուշացնում էր Պետրոս առաքյալը (Ա Պետր. 5․8)։ Սատանայի հարձակումները հաճախ լինում են անսպասելի՝ հատկապես այն ժամանակ, երբ թվում է, թե կյանքը կայուն է, և մեզ այլևս որևէ գայթակղություն չի սպառնում։

Հակոբոսը հորդորում է իր ընթերցողներին. «Հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային» (Հակ․ 4․7): Հոգևոր թշնամուն դիմադրելու լավագույն միջոցն Աստծուն մոտենալն է՝ աղոթքի և Սուրբ Գրքի միջոցով: Այդ ժամանակ Նա Ինքը կմոտենա մեզ (հ․ 8) Իր Հոգով (Հռոմ. 5․5): Ինչպես Հակոբոսն է գրում. «Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի» (Հակ․ 4․10):

Մեզնից յուրաքանչյուրի կյանքում լինում են դժվար պահեր, երբ հայտնվում են գայթակղություններն ու փորձությունները։ Սակայն եկե՛ք վստահենք Տիրոջը, ով ամեն ժամանակ մեզ հետ է և կօգնի հաղթանակի հասնել։

 

Ի՞նչ իրավիճակներում ենք հաճախ զգում գայթակղության ճնշումը, և ինչպե՞ս է Աստված առաջնորդում մեզ այդ պարագաներում։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր էլ ավելի մոտենալ Քեզ։ Մենք կարիք ունենք Քո ամենօրյա առաջնորդությանը՝ ճիշտ ուղով ընթանալու համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 14, Մատթեոս 26.51-69